Գլխավոր Իրավական Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

1451
0

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՔԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: