ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտնեց խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
««Իմ քայլը» կողմ է քվեարկելու, և մենք կարծում ենք, որ սա այն գործն է, որը մեզ լիազորել է ՀՀ քաղաքացիները, և նրանք մեզանից ավելի խիստ միջոցներ են պահանջում: Մեզանից միակ դժգոհությունը ավելի խիստ չլինելու մեջ է, և հետայսու պետք է լինենք ավելի խիստ»,- ասաց Հովհաննիսյանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնել էր, որ դեմ է ներկայացված օրենքի նախագծին:
ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանը նշել էր, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:
Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը: