Գլխավոր Լուրեր ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը

1311
0

ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ և 34 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով: