Գլխավոր Քաղաքական «Սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է». Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային...

«Սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է». Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

1156
0

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը:

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահնշանակելՍտյոպա Սաֆարյանին»,-ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն իր խոսքում նշեց. «Այո, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը եւ ուրախ եմ դրա համար: Պարոն Սաֆարյանը երկար տարիների ՀՀ-ում հանրային, քաղաքական գործունեություն է ծավալում եւ կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը ավելի արդյունավետ կլինի ի շահ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի»:

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով. «Անկեղծ ասած, սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, նրանց շահերի համար: Մեծագույն հաճույք եւ պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձնից կախված, իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կամուրջներից մեկը կառավարության եւ հանրության միջեւ: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար դրանք շատ են: Բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել ձեզ, օգտակար լինել խորհուրդներով»:

Վարչապետը նկատեց, որ այնքան էլ լավ պայմաններում չէ Ստյոպա Սաֆարյանը ստանձնում Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակը. «Իր ստեղծման օրից Հանրային խորհրդի գոյության, նպատակահարմարության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում եւս այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ կան եւ ընդդիմության, եւ իշխանության շրջանում: Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու: Դուք Հանրային խորհրդի երկրորդ նախագահն եք լինելու: Սա ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է լինել արդյունավետ: Անկեղծ ասեմ, ես ինքս հավատում եմ: Այս ընթացքում ունեցել եմ էֆեկտիվ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտություն: Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է եղել: Պատրաստ եմ ինձնից կախվածն անել, որ Հանրային խորհուրդը որպես այդպիսի մարմին եւ հարթակ կայանա: Թույլ տվեք ասել, որ Հանրային խորհուրդը կարող է լինել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման հարթակ: Դա նույնպես կարեւոր ուղղություն է»,-հայտարարեց վարչապետը: