Գլխավոր Քաղաքական Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք...

Փաշինյանն ընդհանրապես չգիտի՝ ինչ է զենքը, զենքի բնութագիրը, նա չգիտի՝ ինչպես ենք կռվել, 80-ականների զենքի էջը հնարավոր չէ փակել, ինչո՞վ է քո տանկը կրակելու, եթե դու այդ էջը փակել ես. Ն․ Տեր-Գրիգորյանց

1005
0

Tert.am-ը գրում է․

1980-ականների զենքի էջը հնարավոր չէ փակել, նման հայտարություններին լուրջ չեմ վերաբերում․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հայտարարությանն առ այն, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված:

«Եթե մեր զինանոցում կան խորհրդային արտադրության զենքեր, և դրանք մինչև հիմա օգտագործվում են, նշանակում է այդ էջը երբեք հնարավոր չէ փակել: Այդ ամենը Ռուսաստանից են գնում: Ամբողջ աշխարհում Կալաշնիկովի ինքնաձիգը, ինչպես Կալաշնիկով կար, այնպես էլ մնացել է: Այդ զենքի համար փամփուշտներ են արտադրում, և այդ արտադրությունն այդպես էլ մնում է: Ռուսաստանում հիմնական տանկը Տ-72-ն է, այն հի՞ն է»,-ընդգծեց նա:

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն 80-ականների զենքի մասին խոսելիս ամոթալի էջ ասելով, ցույց է տալիս, որ զենքից, դրա բնութագրից, արտադրությունից ոչինչ չի հասկանում:

«Ի՞նչ ամոթալի էջ, ո՞ր էջն է ամոթալի: Իսկ ինչո՞վ ենք մենք կռվել, ինչո՞վ ենք հաղթել: Այնպիսի զենքեր, ինչպիսիք ռուսներն ունեն, ոչ ոք աշխարհում չունի: Եթե մենք չունենայինք այդ հրթիռները, արկերը, ուղղաթիռները, հակատանկային արկերը, ձեռքի նռնականետները, այդ հին զենքերը, ինչպե՞ս մենք կհաղթեինք թշնամուն, որը նույնիսկ մեզնից ժամանակակից զենքեր ուներ և թուրքերի հետ միասնական էր: Գիտեք ինչ կա, Փաշինյանը պարբերաբար այնպիսի մտքեր է ասում, որ … չմեկնաբանեմ, ես չեմ կարող մեկնաբանել դրանք: Եթե նա երկու անգամ չգնի այդ տանկերի արկերը, նա առանց զենք կմնա: Եվ ի՞նչ, նա սկսելու է ձեռքերով և լեզվո՞վ խոսել: Ինչո՞վ է քո տանկը կրակելու, եթե դու փակել ես այդ էջն ու այլևս չես գնում»,-ասաց գեներալը:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ ժամանակակից սպառազինություն ձեռքբերելուց էլ պետք է հստակ վերլուծություններ անել:

«Այլ հարց է, եթե հնի բազայի վրա մենք սկսում ենք գնել ավելի ժամանակակից զինամթերք: Հայաստանում ձեռքբերված ինքնաթիռները մի փոքր թռիչք կատարեն այս կողմ, խախտում են Նախիջևանի սահմանը, մի փոքր այն կողմ` Վրաստանինը և այլն: Մինչև վերջ օդ չեն կարող բարձրանալ, որովհետև տարածքի չափը թույլ չի տալիս: Մեր տարածքում օդային կռիվներ մղելը շատ դժվար է, որովհետև ամեն տեղ օտար երկրների սահմաններ են: Պետք է գործել ըստ փոխկապակցվածության: Դիտե՛ք Պուտինի ելույթները, Անվտանգության խորհրդի ժամանակ նա անընդհատ ասում է` «Մենք պետք է մեծացնենք ժամանակակից սպառազինությունը մինչև 60%: Նոր հրթիռներ, նոր ռոբոտներ: Բայց դրանք արվում են հնի հիման վրա»,-ասաց գեներալ՝ հավելելով՝ զերծ է մնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առավել կոշտ պատասխանելուց:

Ամբողջական հոդվածը կարդացեք՝ այստեղ: