Գլխավոր Լուրեր Ամոթալի ոչ մի բան չկա Հայաստանի ԶՈՒ-ում 80-ական թվականների զենքի օգտագործման մեջ....

Ամոթալի ոչ մի բան չկա Հայաստանի ԶՈՒ-ում 80-ական թվականների զենքի օգտագործման մեջ. փորձագետ

1211
0

News.am-ը գրում է․

Ամոթալի ոչ մի բան չկա Հայաստանի ԶՈՒ-ում 80-ական թվականների զենքի օգտագործման մեջ: Նույնիսկ աշխարհի առաջավոր բանակներում օգտագործում են 1980-ական թվականների զենքեր, ուստի անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված հայկական բանակում այդպիսի զենքի առկայության հարցը մանիպուլացնելու ձգտումը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի բանակներն օգտագործում են նույնիսկ 1950-ական թվականների զենք, քանի որ ԶՈՒ-ում այս կամ այն տեխնիկայի առկայությունը պայմանավորված է դրա արդյունավետությամբ, այլ ոչ թե թողարկման տարեթվով: «Դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Այլ հարց է, որ այն պետք է արդիականացվի: Ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «մեզ համար փակված է 80-ական թվականների զենքի խայտառակ էջը», անընդունելի է՝ հաշվի առնելով, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ նա լուսանկար էր հրապարակել «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգի ֆոնին, որը 70-ական թվականների սպառազինության մոդիֆիկացիան է»,- նշեց նա:

Փորձագետը նշեց, որ Փաշինյանի հայտարարություններում հակասությունները հանգում են նաեւ նրան, որ նա սկզբում ասում է՝ իբր Հայաստանը գնել է աննախադեպ զենք, հետո՝ այն մասին, որ այդ զենքը պաշտպանական բնույթի է, այնուհետեւ հայտարարություն է արվում, որ Հայաստանի համար 80-ական թվականների զենքի էջը փակված է: