Սահմանին իրավիճակը նորմալ է, լարված չէ, վերահսկվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱՀ-ում ներքաղաքական սրացումների պատճառով սահմանում հակառակորդը չի՞ ակտիվացել։
«Ինձ հայտնի չէ անհանգստության պատճառ»,- վստահեցրեց փոխնախարարը։
Խոսելով ՊՆ-ում առաջնահերթ ծրագրերից՝ Մակար Ղամբարյանն ասաց, որ ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրում է լինելու։ «Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման տեղեր կլինեն, ապա միանշանակ աշխատանքներ կարվեն: Չարաշահումների դեպքեր այս պահին չկան»:
Փոխնախարարն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ նյութեր կուղարկվեն։
Ինչ վերաբերում է դատախազության՝ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ հայտնաբերելուն, փոխնախարարը ասաց․
«Զինվորների հագուստի մատակարարումների հետ կապած ես էլ եմ դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության ներքո է պահվում, բայց քանակի պակաս ու որակի խնդիր, կարծես, չկա»,-եզրափակեց նա:
Անի Գևորգյան