Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել: Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է փոխնախարար Արթուր Հարությունյանը:
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս պաշտոնում նշանակվել է գնդապետ Սամվել Շահրամանյանը:
Ազատվել է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Սարգսյանը: Պատճառը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս պաշտոնում նշանակվել է գնդապետ Իգոր Գրիգորյանը:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին և Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ: