Գլխավոր Լուրեր Երևանի խանութների ցուցափեղկերը կիսադատարկ են. կորոնավիրուսի պատճառով մարդիկ մեծ քանակի սնունդ են...

Երևանի խանութների ցուցափեղկերը կիսադատարկ են. կորոնավիրուսի պատճառով մարդիկ մեծ քանակի սնունդ են գնում

904
0

Երևանի խանութների ցուցափեղկերը կիսադատարկ են. կորոնավիրուսի պատճառով մարդիկ մեծ քանակի սնունդ են գնում:

Tert.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատման լուրից հետո քաղաքացիները դատարկել են երևանյան սուպերմարկետների մեծ մասի ցուցափեղկերը։

Վաղ առավոտից մարդիկ մեծածավալ գնումներ են կատարում «Երևան Սիթի», «Կայզեր», «Նոր Զովք» սուպերմակետներից և այլ փոքր խանութներից։

Արաբկիր համայնքի «Նոր Զովք» սուպերմարկետի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր քաղաքացիներն արել են այնքան գնում, որքան սովորաբար Ամանորի տոների առթիվ են անում։

«Հիմնականում գնել են նպարեղեն, ալյուր, կարագ, ձեթ, շաքարավազ և հրուշակեղեն։ Այլ կերպ ասած՝ պիտանելիության երկար ժամանակ ունեցող և չփչացող մթերքներ են գնում ու նաև տնտեսական ապրանքներ՝ անձեռոցիկ, զուգարանի թուղթ, լվացքի պարագաներ։

Չենք հասցնում պահեստից հանել ապրանքը, ամիջապես սպառվում է։ Նույն պատկերն է, ինչ Նոր տարուն»,- ասաց աշխատակիցը՝ վստահեցնելով, որ բավարար քանակի ապրանք ունեն պահեստավորած։

Tert.am-ը հարցախույզ արեց նաև գնորդների շրջանում, որոնք հիմնականում նշում էին, թե մտահոգություն ունեն, որ վիրուսի հետևանքով ապրանքերը կարող են սպառվել կամ թանկացում լինի։

Քաղաքացիների մի մասն էլ նշում էր, որ այս կերպ փորձում են նվազեցնել տանից դուրս գալու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքի մասին։ Վարակակիրն Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի է, որի մոտ սկզբնական շրջանում հիվանդություն չի ախտորոշվել, իսկ մեկ օր անց վերջինս դիմել է բուժկենտրոն և հաստատվել է վիրուսի առկայության փաստը։

Այս պահին այդ քաղաքացին և նրա հետ ինքնաթիռով վերադարձած ևս 31 անձ գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում՝ հատուկ պահպանման պայմաններում։ Հավելենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով մեկ շաբաթով դադարեցվել է Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում