Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսը բռնկման պահից հետո հասցրել է զարգանալ

Կորոնավիրուսը բռնկման պահից հետո հասցրել է զարգանալ

0
1166

NEWS.am Medicine֊ը գրում է․

Նոր կորոնավիրուսը, որը COVID-19 հիվանդության համաճարակ է առաջացրել, բռնկման պահից հետո հասցրել է զարգանալ։ Այս մասին հայտնում են Պեկինի համալսարանի գիտնականները։ Իրենց հետեւությունները նրանք շարադրել են Natonal Science Review ամսագրում հրապարակված հոդվածում։

Մասնագետներն ուսումնասիրել են մոլեկուլյար դիվերգենցիայի աստիճանը SARS-CoV-2-ի (COVID-19 առաջացնող կորոնավիրուս) եւ այլ ազգագից կորոնավիրուսների միջեւ։ Թեեւ SARS-CoV-2-ի եւ չղջիկների մոտ SARS-ի հետ կապված կորոնավիրուսի գենոմների միջեւ հայտնաբերվել է ընդամենը 4 տոկոս տարբերություն, արդյունքները ցույց են տվել, որ չեզոք մուտացիաների (այսինքն նրանց, որոնք չեն ազդում ֆունկցիոնալության վրա) միջեւ տարբերությունները հասնում են 17 տոկոսի։ Դա նշանակում է, որ երկու վիրուսների տարբերությունները ավելի շատ են, քան համարվում էր նախկինում։ Գիտնականների խոսքերով՝ վարակման հետ կապված գեների ֆունկցիոնալ ոլորտներում տարբերությունները առաջանում են մուտացիաների եւ բնական ընտրության հետեւանքով, որը շարունակում է ազդել SARS-CoV-2-ի վրա։

Հետազոտողները ուսումնասիրել են SARS-CoV-2-ի 103 գենոմ եւ պարզել են, որ այդ վիրուսի տեսակը զարգանալով բաժանվել է 2 հիմնական տեսակի՝ L եւ S։ L տեսակն ավելի հաճախ է հանդիպում, քան S-ը, եւ նրան է վերագրվում վիրուսների 70 տոկոսը։ S-տեսակն առաջացել է L-տեսակից, որը լայնորեն տարածված է եղել Ուհանում հիվանդության բռնկման վաղ շրջանում, իսկ 2020թ․ հունվարի սկսզբից L-տեսակը սկսել է ավելի քիչ հանդիպել։

Գիտնականների խոսքերով՝ միջոցները, որոնք ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման պրոֆիլակտիկայի համար, ուժեղ սելեկտիվ ճնշում են գործադրում վիրուսի վրա, որի հետեւանքով նա դարձել է ավելի քիչ ագրեսիվ եւ սկսել է տարածվել ավելի քիչ արագությամբ։

Մյուս կողմից, S տեսակը, որը զարգացման տեսակետից ավելի մեծ է եւ քիչ ագրեսիվ, կարող է ավելի լայն տարածում ստանալ թույլ սելեկտիվ ճնշման պատճառով։

Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են գենոմային եւ համաճարակային տվյալների օգտագործմամբ հետագա հետազոտություններ, ինչպես նաեւ COVID-19-ով պացիենտների կլինիկական ախտանշանների գրանցումներ։