Գլխավոր Քաղաքական Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. ԱԳ...

Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. ԱԳ նախարար

1308
0

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարությունում պլանային էին, և Հայաստանն այս առումով որևէ մտահոգություն չունի: Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման էին մասնակցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում և քննարկել որոշ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչ են քննարկել և ինչ քայլեր պետք է արվեն:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ՝ ԵԱՀԿ-ի,  Մինսկի խմբի անդամ պետությունների միջազգային կազմակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության: Նա վստահեցրեց, որ այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա, դրանք պլանային են և Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են իրենց գործառույթները:

«Ամբողջովին վստահելով համանախագահներին՝ շատ լավ գիտենք այդ պլանի մասին և շատ լավ գիտենք, թե նրանք ինչ մոտեցումներով են աշխատում, քանի որ մենք ենք աշխատում նրանց հետ: Այս առումով որևէ արտառոց բան չկա; Սա առաջին հանդիպումը չէ, սրանից առաջ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ, ծրագրված են այլ հանդիպումներ: Սա նորմալ բնականոն աշխատանք է,  մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե տարբերությունը նրանումն է, որ եղավ Թուրքիայի կողմից մեկնաբանություն: Ի դեպ, եթե անկեղծ լինենք. այդ մեկնաբանությունում չկար որևէ բան, որ մենք նախկինում չէինք լսել: Եվ մենք այդ առումով հանդես եկանք մեր հայտարարությամբ: Այդ մոտեցումը բոլորին ծանոթ է , որ Հայաստանի և հայ ժողովրդի  նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂՀ-ի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ Թուրքիան չի կարող ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ ուղիղ»,-ասաց նա:

Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանի մոտեցումը հստակ է այդ առումով,  շարունակում են աշխատել, իրականացնել նպատակները, աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ: