Գլխավոր Լուրեր Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական...

Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական ճանապարհով․ Արփինե Հովհաննիսյան

0
1179

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները և պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց:

Այդ հայտարարություններին չեմ անդրադառնա, այլ կանեմ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ, որոնց հասցեատերը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, ով բավարար տիրապետելով խնդրին, կարծում եմ, կարող է հասկանալ մտահոգություններիս առարկան և ականջալուր լինել դրանց: Խնդրին պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից ու մի կողմ դնել ամենակործան պոպուլիզմը: Այս դեպքում իմ խնդիրը ոչ թե այս կամ այն անձն է, այլ պետությունը: Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական ճանապարհով, որպեսզի հետո էլ պետությունը ապօրինի գույքի տիրոջը վնասներ չհատուցի: Եվ ուրեմն`
1. Շատ կարևոր է անդրադառնալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի համար սահմանված շեմին, որը սկզբնապես 50 միլիոն դրամ էր , իսկ հիմա 25 միլիոն դրամ է: Լսել եմ նախարարի խոսքը, կարող եմ հենց թեկուզ միայն Բուլղարիայի օրենքի վերջին փոփոխությունների մասով երկար ու ձիգ հակափաստարկներ բերել, /մի քանի օրից լայնածավալ վերլուծականի մեջ/ բայց հակիրճ եմ ուզում լինել: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, այս գործիքը պետք է օգտագործվի ճիշտ ու զգուշորեն: Սա համադարման չէ:
Նախարարը գիտի, դե իսկ ես էլ կհրապարակեմ շուտով, թե ինչքան է ինքը այս նախագծով լայնացրել ուսումնասիրության շրջանակը ու շեղվել միջազգային որոշ կանոններից, որոնք իրավապահների կողմից չարաշահվելու են ու դառնան պատուհաս ԵՐԿՐԻ համար: Ուստի շեմը սահմանելիս անկեղծորեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ նախնական շեմին, մանավանդ որ նպատակահարմարությունից ու երկրի իրավիճակից ելնելով առաջին անգամ չէ, որ շեղվել եք միջազգային կառույցների գնահատականներից:
2. Այո, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը կարող է համարվել արդյունավետ գործիք, սակայն այն պետք է լինի կանոնից բացառություն, ոչ թե օրինաչափություն: Սա են պնդում բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը: Ի՞նչու, որովհետև այս ինստիտուտը թուլացնում է քրեական օրենսդրության կիրառելիությունը եւ մարդկանց հավատը օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ոչ միայն նախագիծը, այլ նախագծերի ողջ փաթեթը ԽՐԱԽՈՒՍՈՒՄ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը` հիմքեր ստեղծելով բացառությունը կանոնի վերածելու համար: Օրինակ` փաթեթով բարձր վարձատրություն է նախատեսվում այս վարույթով զբաղվող դատախազների համար։ Այսինքն` ինքին առաջնություն է տրվում ոչ թե քրեական դատավարության կարգով օրինակ կոռուպցիոն հանցանքներ քննող դատախազին, այլ այն դատախազին, ով զբաղված է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով:
3. Նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, ինչը ինքնին գովելի է, սակայն այստեղ ևս պետք է դրսևորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին: Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ:
4. Քննարկենք մի շատ կարևոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է Գոգիթիձեն և մյուսներն ընդդեմ Վրաստանի գործը: Այս գործով թեև ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր: Ի՞նչ է սա նշանակում մեզ համար
– ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի և եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, և հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը և եկամուտները: Ավելին` հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների և ձեռք բերված գույքի արժեքի միջև, ինչի դեպքում էլ ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Հակառակ դեպքում, այդ մարդիկ իրենցից վերցրած գույքն էլ հետ կկարողանան ստանալ, հատուցում էլ հետը:
Կա արդյոք սրա լուծումը` բնականաբար, այո: Մի տարբերակը` ուղղակի պետք է սահմանել այս ժամանակահատվածների համար ապացուցման տարբեր շեմեր : Հակառակ դեպքում կրկնում եմ ՄԻԵԴ-ը կհամարի, որ ոչ միայն իրավաչափ չէր անձից գույքի բռնագանձումը, այլ նաև Հայաստանի համար սահմանի վնասների հատուցման պարտականություն: Իհարկե, կարելի է քննարկել այլ ուղիներ ևս:
Հ.Գ. Եթե նպատակը իրապես ապօրինի գույքի հետ բերելն է օրինական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական անիմաստ և պետությանը վնասող պոպուլիզմը, կարծում եմ այս և առաջիկայում հրապարակվելիք նկատառումները հաշվի կառնվեն, ինքս էլ պատրաստ եմ մանրակրկիտ ներկայացնել համապատասխան փաստարկները: Փաստաթուղթը կուղարկվի նաեւ ԱԺ, ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարություն»,- գրում Արդարադատության նախկին նախարար Հովհաննիսյանը։