Բռնության քարոզը քրեականացնող օրինագծի օրինագծի ընդունումից առաջ նախ պետք է քաղաքական բոլոր ուժերը ԱԺ-ի դահլիճից օրինակ ծառայեն հանրությանը՝ գալով քաղաքական համաձայնության։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, ԱԺ–ում օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե կարողանանք նաև մեդիայի հետ կնքել քաղաքական-ջենտլմենական համաձայնություն, որ մեդիան լայքեր հավաքելու համար դիտումներ ավելացնելու համար չի տալու Նաիրա Զոհրաբյանի այն ելույթը, որտեղ կլինի ագրեսիա, վիրավորանք, որևէ սոցիալական խմբի քաղաքական ուժի, որևէ մեկի հանդեպ, մենք կկարողանանք այս խնդիրը լուծել, եթե ոչ, ապա այս խնդիրը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ չի լուծվելու, եկեք մենք այստեղ դառնանք այդ օրինակը, խոստանանք, որ այս ամբիոնը չի լինելու անձնական վիրավորանքների և գոտկատեղից ներքև հարվածների ամբիոն»,-նշեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա նաև ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է, սակայն անհրաժեշտ է գտնել ճիշտ բանաձևը։
«Ես չեմ տեսնում օրենդրական այն ոսկերչական իրապես գրագետ լուծումները, որ մենք չենք վնասելու խոսքի ազատությունը, սողանցք չենք թողնելու տարատեսակ չարաշահումների համար, որ տվյալ նախագիծը, ինչպես նաև հետագա բոլոր նախագծերը, որոնք բերվելու են, «Դամոկլյան սուր» չեն լինելու տարբեր քաղաքական ուժերի, տարբեր քաղաքական գործիչների վրա։ Մենք պատրաստ ենք գտնել այն ոսկե միջինը, որն անհրաժեշտ է խնդրի լուծման համար»։