Էջմիածնում մանկապարտեզները եւ դպրոցները չեն փակվի, փակվի սպորտդպրոցը, կչեղարկվի Էջմիածնում անցկացվելիք «ԱՅՈ» քարոզարշավը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ֆեյսբուքյան լայվով հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«ՀՀ-ում առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը Առողջապահության նախարարությունն է, իսկ կրթության ոլորտում համապատասխան նախարարությունն է, քաղաքապետարանն ինքն իրենով միջոցառումներ չի կարող ձեռնարկել։ Ֆեյսբուքյան գրառմանս տակ գրված մեկնաբանությունները, որոնք մեղադրանանքներ են իրականում մեզ չեն վերաբերում։ Էջմիածնի քաղաքապետարանը պատասխանատու չէ որոշելու՝ արդյոք այդ մարդիկ պետք է տեստավորվեին հենց օդանավակայանում, արդյոք մեկուսացվել են ժամանակին, թե ոչ։ Ես պարզապես կխոսեմ առկա իրավիճակի մասին»,- ասաց քաղաքապետը։
Նա հորդորեց քաղաքացիներին խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը. «Այս 3 անձի հետ կապված թյուրիմացությունը, որը ստեղծվեց, մի հայտարարության պատճառով էր, որը արել էր բժիշկ։ Այն, որ Էջմիածնում հարսանիքի ժամանակ 3 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր, ժամանել էր շտապ օգնություն եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, դա ծայրից ծայր սուտ է, որովհետեւ ունենք միայն 1 վարակակիր։ Որեւէ մեկը հարսանիքի ժամանակ չի վատացել։ Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել երկրում»։
Նա շեշտեց, որ վարարակիրը տվյալ օրը մասնակցել է նշանադրության արարողության. «Դեռեւս երեկ երեկոյան ամբողջ շրջանակը. նշանդրեքի մասնակիցների, նրա հետ շփված անձանց հստակեցվել է եւ փոխանցվել է Առողջապահության նախարարություն։ Նախարարությունը նպատակահարմարությունից ելնելով զտել է այն անձանց ցուցակը, որոնք սերտ շփում են ունեցել եւ կարող են պոտենցիալ վտանգի տակ լինել եւ տվյալ անձանց այժմ տեղափոխում են մեկուսացված վայր։ Վայրի մասին հիմա չեմ հայտարարի»։
Էջմիածնի քաղաքապետը նաեւ հայտարարեց. «Մենք դպրոց փակելու իրավունք չունենք. հանրակրթական դպրոցները քաղաքապետարանին չեն ենթարկվում, դա արվում է մարզպետարանի կողմից, իսկ ավագ դպրոցների նկատմամբ՝ ԿԳՄՍՆ-ն:
Համայնքապատկան դպրոցների մասով, դրանք են սպորտդպրոցները, երաժշտական դպրոցները, նկարչական դպրոցները եւ մանկապարտեզները, մենք որոշել ենք նախ մանկապարտեզների մասով, վաղ առավոտից բոլոր մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերով։ Հիգիենայի կանոնները պահպանվում են։ Այստեղ իմ վերահսկողությունը շատ խիստ է։
Մանկապարտեզները փակելուն հակված չենք, դեռ ուսումնասիրում ենք իրավիճակը։ 1 շաբաթով կփակվի սպորտդպրոցը այն պատճառով, որ մարզիկները ֆիզիկական կոնտակտ հաճախակի են ունենում եւ դժվար կլինի ախտահանել պատշաճ ձեւով։
Այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում «ԱՅՈ»-ի քարոզարշավ չենք իրականացնի, քանի որ ձեր առողջությունը ատ կարեւոր է»,- ասաց Էջմիածնի քաղաքապետը։
Նա վերջում նշեց՝ Առողջապահության միջազգային կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսը համաշխարհային վարակ է, դա նշանակում է՝ Հայաստանը չէր կարող զերծ մնալ այդ վիրուսից. «Կորոնավիրուսից հնարավոր չէր խուսափել, Առողջապահության միջազգային կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսը համաշխարհային վարակ է։ Հայաստանը չէր կարող զերծ մնալ այդ վարակից, գոնե մի քանի դեպք չէր կարող չգրանցվել, դա անխուսափելի էր»։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։