Գլխավոր Լուրեր «Գոլդեն փելես»-ում մեկուսացված անձանց թեստի պատասխանները հայտնի կլինեն երեկոյան

«Գոլդեն փելես»-ում մեկուսացված անձանց թեստի պատասխանները հայտնի կլինեն երեկոյան

994
0

Հայաստանում «Գոլդեն փելես»-ում մեկուսացված, կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 անձանց թեստի պատասխանները հայտնի կլինեն մարտի 13-ի երեկոյան:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն վերցրել ենք այն 31 անձանց թեստերը, որոնք մարտի 1-ից գտնվում էին մեկուսացման մեջ, որպեսզի հետազոտենք: Եվ բացասական լինելու դեպքում նրանց պարզապես կուղեկցենք իրենց մշտական բնակության վայրեր, այլևս չենք անհանգստացնի նրանց: Պատասխանները կլինեն երեկոյան»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ ուսումնական բոլոր հաստատությունների դասերը դադարեցվել են մեկ շաբաթով, վստահեցրեց՝ որոշումներն ընդունվում են իրավիճակին համահունչ, և եթե այլ որոշման անհրաժեշտություն լինի, դրանք կընդունվեն հավուր պատշաճի: Նա շեշտեց՝ կա նաև յուրաքանչյուրի սեփական պատասխանատվության բաղադրիչը՝ հիվանդության դեմ պայքարի գործում: Նախարարը հիշեցրեց սոցիալական պատասխանատվության մասին՝ յուրաքանչյուրն ինքն իր, իր հարազատների, հանրության առողջության նկատմամբ: Թորոսյանը կոչ արեց հնարավորինս սահմանափակել շփումները: Դա չի նշանակում, որ մեր առօրյայում ընդհանրապես չենք շփվելու մարդկանց հետ, խուսափել հանրային միջոցառումներին մասնակցելուց՝ հատկապես, երբ մարդկային կուտակումներ կան: Նախարարը կոչ արեց ժամանակավոր խուսափել ձեռքով բարևելուց, գրկախառնվելուց:

«Խորհուրդ եմ տալիս մասսայական միջոցառումների չմասնակցել, այդ թվում՝ կոչ եմ անում այն քաղաքացներին, որոնք ունեն անձնական բնույթի մասսայական միջոցառումներ՝ հարսանիքներ, կնունքներ, մի քանի շաբաթով առնվազն հետաձգել կամ դրանք անել հնարավորինս սեղմ շրջանակում՝ օդափոխելով տարածքը, քիչ մարդկանց հետ»,-ասաց նախարարն ու նշեց՝ իսկ այն մարդիկ, որոնք պետք է անխուսափելիորեն մասնակցեն նման միջոցառումներին, հետևեն հորդորներին:

Նախարարը հորդորեց հատկապես տարեց և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց առավելագույնս սահմանափակել շփումները: Նկատեց՝ նրանք ամենախոցելին են՝ շնչառական վիրուսների առումով: Անհրաժեշտ է նաև խուսափել ձեռքով քթին, բերանին, աչքերին դիպչելուց:

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք: