Գլխավոր Լուրեր Եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք չենք կարող խաղաղության պատրաստվել. Նիկոլ Փաշինյան

Եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք չենք կարող խաղաղության պատրաստվել. Նիկոլ Փաշինյան

2815
0

Տարօրինակ է, որ ՀՀ կառավարության ծրագրում մի մոտեցում է որդեգրված, որտեղ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, սադրանքների ու դիվերսիաների հետեւանքով խոչընդոտվել է բանակցային գործընթացը: Մեր քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից անընդհատ ոչ ադեկվատ պատասխաններ են հնչել. կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել եւ իրենց գործողություններով չլարեն իրավիճակը: Հիմա տարօրինակ է, որ կառավարության ծրագրում նմանատիպ մոտեցում է որդեգրված՝ կողմերի միջեւ հավասարության նշան է դրվում»,-ասաց Մելիքյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս օտարերկրյա մի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշել էր, որ ՀՀ-ում քաղաքական զարգացումները լավ առիթ են, որ ՀՀ հանրությանը պատրաստենք խաղաղության:

«Ես ասացի, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հանրությանը ձեր նշած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե մենք այդ պայմաններում մեր հանրությանը պատրաստենք խաղաղության, նշանակում է մեր հանրությանը պատրաստում ենք պարտության: Մենք նման բանի չենք գնա: Եթե միջազգային հանրությունն ուզում է, որ այդ պրոցեսը տեղի կունենա Հայաստանում, պետք է այնպես անի, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանում: Մենք շատ ու շատ պետք է մեր դիրքորոշումն ագրեսիվացնենք, որ հասնենք Ադրբեջանին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կլինի կառուցողական, բայց իր ադեկվատությունը չի կորցնի. «Երբ Ադրբեջանը սպառնում է մեզ, մենք հայտարարենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, դա ճիշտ մոտեցում չէ: Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, մենք էլ դրան պետք է պատրաստվենք: Մենք չենք պատրաստվում պարտության: Մենք մեր հանրությանը պատրաստում ենք հետագա հաղթանակների: Եթե հակառակորդը ցույց կտա, որ պատրաստվում է խաղաղության, մենք էլ կպատրաստվենք խաղաղության»:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ եթե ծրագրում նման խնդիր լինի, մինչեւ քվեարկությունը կշտկեն: