Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։
Քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջացած խնդիրների լուծման տարբերակներ։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը և այլ հարցերի։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ ու առաջարկներ։
Վարչապետը նշել է, որ պետական օժանդակության գործիքակազմով տեխնոլոգիական ոլորտի խթանումը կարևոր է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման, այլև Հայաստանի տեխնոլոգիական գերակայությունների առաջմղման համատեքստում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով մշակել օժանդակության, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման մեխանիզմների առաջարկներ։