Գլխավոր Լուրեր COVID-19. ԱՄՆ-ում մահերի թիվը մոտենում է 100 հազարի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. ԱՄՆ-ում մահերի թիվը մոտենում է 100 հազարի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

1094
0

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 617 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 348 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 393 հազար 538 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 708 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 847 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 376 հազար 669-ի, մահերինը՝ 23 հազար 522-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Վերջին մեկ օրում 8 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 480 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 837:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 261 հազար 184 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 914: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 158, մահերինը՝ 32 հազար 877: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 942 է, մահացածներինը՝ 28 հազար 432:

Գերմանիայում 180 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 433 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 157 հազար 814-ի, մահացածներինը՝ 4 հազար 369-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 147 հազար 144-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 197 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 139 հազար 511 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 508:

Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 123 հազար 979 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 85 հազար 711 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 992 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 732-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 47 հազար 207, մահերինը՝ 28: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 086 է, մահացածներինը՝ 253:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 22 հազար 575-ի, մահացածներինը՝ 172-ի: Եգիպտոսում 17 հազար 967 հաստատված դեպք կա, մահացել է 783 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 632 վարակվածության, 163 մահվան դեպք: Լիբանանում կա 1140 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 121-ի: Մահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը  մահացել է կորոնավիրոսի հետևանքով

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝  68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Վլադիմիր Լուպուխինի ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին: «Այսօր կորոնավիրուսի հետևանքով 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է իմ վաղեմի ու լավ ընկեր Վլադիմիր Լոպուխինը՝ մարդ, ում պարտական եմ»,-գրել է նա:

Վլադիմիր Լոպուխինը 1991-1992 թվականներին եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարարը Բորիս Ելցինի նախագահության ժամանակ: Հետագայում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել բանկերում և կոմերցիոն ընկերություններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 362 հազար 342 է, մահացածներինը՝ 3 հազար 807: Ապաքինվել է 131 հազար 129 մարդ:

Աֆրիկայում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ

Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ հանրային առողջապահության սպառնալիքների առկայությունը, լայնամասշտաբ թեստավորման խնդիրները վատթարացնում են ընթացիկ համաճարակային իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Աֆրիկայում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ծրագրի ղեկավար Միշել Յաոն:

Աշխարհում վարակվածների թվի 1,5 տոկոսը բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքին: Այդ ցուցանիշը շարունակում է աճել, թեպետ աճը հիմնականում նկատվում է մի քանի երկրներում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Կամերունում և այլն:

«Այդ երկրներին բաժին է ընկնում վարակվածների մեծ թիվը, սակայն նրանցից և ոչ մեկը չի հասել վարակի պիկին: Թեպետ, օրինակ, Բուրկինա Ֆասոյում կարող ենք նկատել որոշակի նվազում: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք վարակվել են, սակայն ախտանշաններ չունեն, ներառվեն վիճակագրությունում: Այսպիսով, Աֆրիկայում մասշտաբային թեստավորման խնդիրը դեռ լուծված չէ: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վարակը տարածվում է»,-նշել է նա:

Թայլանդում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ առաջարկը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:

Նշվում է, որ կառավարությունն արատակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը պայմանավորում է աշխարհում համաճարակային իրավիճակի անկայուն լինելու, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ:

Նաև հաղորդվում է, որ  Թայլանդի կառավարությունը հանձնարարություն է տվել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլի քննարկման վերաբերյալ, որը պետք է սկսվի հունիսի 1-ից:

Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

Ճապոնիայի  իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացուն վճարել 100 հազար իենի (շուրջ 930 ԱՄՆ դոլարի) չափով` կորոնավիրուսով պայմանավորված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սաննաե Տակաիտին:

Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել էր հավելյալ բյուջե 25.6 տրիլիոն իենի (237 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով, որի նպատակն էր աջակցել տնտեսությանը համավարակի պայմաններում:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 հազար 300 է, մահացել է 860 մարդ: Ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է:

Շվեդիայում 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել: Բուժաշխատողները Ստոկհոլմից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ուփսալա քաղաքի ակադեմիական հիանդանոցից են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

«Իրավիճակն այնպես է, ինչպես հասարակության այլ շրջանակներում. դիտարկվում է վարակի տարածում, բայց մենք չգիտենք, ինչպես է այն ներթափանցել հիվանդանոց և ինչպես է տարածվել»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միքայել Քելերը:

Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը 

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան մտադիր է բացվել այդ օրը՝ առաջարկելով հանգստանալու հնարավորություն այլ երկրներում: Փորձենք դա անել միասին»,-ասել է Դի Մայոն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինքն արդեն աշխատում է Ավստրիայի և ԵՄ անդամ այլ երկրների հետ:

Ընդգծելով Իտալիայի համար միջազգային զբոսաշրջության հնարավորությունը՝ ԱԳ ղեկավարը կարևոր է համարել միանման կանոնների սահմանումը երկրի բոլոր շրջաններում՝ օտարերկրացիներին չապակողմնորոշելու համար:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիան և ԵՄ անդամ այլ երկրներ ակնկալում են հունիսի 15-ին հանել ուղևորության վտանգի հետ կապված նախազգուշացումը: