Գլխավոր Լուրեր Միջազգային Սինգապուրում կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)

Սինգապուրում կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)

1568
0

Tert.am-ը գրում է․

Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ երկու պետությունների ղեկավարները ջերմորեն ողջունել են միմյանց տեսախցիկների առաջ, այնուհետև միայն թարգմանիչների ներկայությամբ 38 րոպե տևողությամբ հանդիպում ունեցել:

Այնուհետև Թրամփն ու Կիմ Չեն Ընը մասնակցել են աշխատանքային լանչի, որի մեկնարկից առաջ լրագրողներին թույլ է տրվել ներս մտնել ու լուսանկարել սրահը:

«Այնպիսի լավ լուսանկարներ արեք, որ մենք ունենանք գեղեցիկ, նիհար, անթերի տեսք»,-տեսնելով լուսանկարիչներին՝ կատակել է ԱՄՆ նախագահը:

Մինչդեռ Կիմ Չեն Ընը, անդրադառնալով բուն հանդիպմանը, նկատել է, որ «աշխարհում շատ մարդկանց համար սա ֆանտաստիկա կթվա՝ գիտաֆանտաստիկ ֆիլմից մի հատված»:

«Ես իսկապես շատ լավ եմ զգում: Մենք պատրաստվում ենք մեծ քննարկում ունենալ, ու ակնկալում եմ ահռելի հաջողություն: Սա իսկապես պատիվ է, ու մենք, անկասկած, կձևավորենք հրաշալի հարաբերություններ»,-հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նրա հյուսիսկորեացի գործընկերը նկատել է, որ նախկինում երկու պետությունների միջև եղած վատ հարաբերությունները խոչընդոտ են եղել այս հանդիպման համար, սակայն իրենց ի վերջո հաջողվել է հաղթահարել դա:

Աղբյուրը հավելում է, որ աշխատանքային լանչի ավարտից հետո, երբ Թրամփն ու Կիմ Չեն Ընը դուրս են եկել միջանցք, Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ պատմական հանդիպման գլխավոր թեման Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցումն է:

Թերթ․am