Գլխավոր Քաղաքական Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում կդիտարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը

Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում կդիտարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը

970
0

Հայաստանում, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից (ներկայում 1.38 է), պետությունը կմտածի արտակարգ դրությունից հրաժարվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե որն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:

Փաշինյանը ներկայացրեց տարբերակներ. «Տարբերակ առաջին՝ հայտաբերվել է պատվաստանյութ, նրա արդյունավետությունը հաստատվել է, մենք ներմուծել ենք և սկսել ենք զանգվածային պատվաստման գործընթաց, կամ դեղամիջոց է հայտնաբերվել: Տարբերակ երկրորդ՝ մենք արձանագրել ենք, որ մեր հակամահաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման: Օրինակ, եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, օրինակ մեր թվերը հասնեն 150-ի, 100-ի և դրանից ներքև, կարող ենք ոչ թե արձանագրել, որ այս պահին վերացնենք արտակարգ դրությունը, այլև իմանանք, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ վստահություն կտա տասը օրվա կտրվածքով թվերի շարունակական նվազումը: «Եվ ըստ էության, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից ներքև, իսկ այս պահին 1.38 է, այդ ժամանակ արդեն պետք է լրջորեն մտածել արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,-նշեց նա:

Փաշինյանը նկատեց նաև, որ սկզբում ամենամեծ խնդիրն այն էր, որ հստակ բանաձևը գտնված չէր, թե ինչպես կարելի է հսկողության տակ առնել այս հիվանդությունը: Նա նկատեց՝ շատ է քննարկվում, որ կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները հակասել են՝ դիմակ կրել, չկրել: Փաշինյանը հորդորեց նույն տրամաբանությամբ հետևել նաև ԱՀԿ-ի հայտարարություններին, որոնք ևս երբեմն հերքվում են: «Սա նոր տիպի կորոնավիրուս է, մարդկության՝ մեր բոլորի իմացությունն այս կորոնավիրուսի մասին դեռ շարունակում է զարգանալ: Եվ հետևաբար մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում գտանք այն բանաձևը, որ մեզ պիտի երաշխավորի, որ թվերն առնենք հսկողության տակ՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,-ասաց Փաշինյանը: