Գլխավոր Լուրեր Կորոնավիրուսի խնդիրը կարելի է լուծել կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով. Փաշինյան

Կորոնավիրուսի խնդիրը կարելի է լուծել կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով. Փաշինյան

0
1562

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն  զանգվածային համագործակցության  արդյունքում:

«Ես քաղաքացիներին որևէ  բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը,  և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ  մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝  ասաց վարչապետը հունիսի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի  համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ  արդյունավետ, բայց միևնույն է վարչապետի հիմնական թեզը այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել  միայն կառավարություն-հանրություն  զանգվածային համագործակցությամբ:

«Կորոնավիրուսն անսպասելի իրավիճակի մեջ է դրել աշխարհի ամենազարգացած  երկրներին, և մեր ամենամեծ առավելությունը և թերևս ամենամեծ  պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք  հարյուր տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու  և մեղմելու խնդիր չունենք: Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար»,-շեշտեց ՀՀ վարչապետը:

Վերադառնալով քաղաքացիներին մեղադրելու խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ, ի վերջո, քաղաքացին է դառնում ստեղծված իրավիճակի թիվ մեկ զոհը, ուստի ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում իրենք պարտավոր են քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը, պատճառահետևանքային կապերը, որոնք բոլորին բերում են այս վիճակի:

«Մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, պետք  է բարձրանա նաև քաղաքացիների կարգապահոթյունը: Մենք համագործակցության ենք հրավիրում առանց մեղադրանքների բոլոր քաղաքացիներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենակիցներին, որոնք ճշգրիտ պահպանում են հակահամաճարակային կանոնները»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: