Գլխավոր Քաղաքական Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Հրապարակվել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

0
916

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կփոխարինի 2007թ. ընդունված ռազմավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա:

Սկզբունքներից առաջինն ուժեղ և բարեկեցիկ Հայաստանի ստեղծումն է, որպես սեփական անվտանգության երաշխավոր:

«Հայաստանի անվտանգության ապահովման համար հայոց պետության ուժն ու բարեկեցությունն այլընտրանք չունեն: Որպես պետություն, որը շահագրգռված է խաղաղության և կայունության պահպանմամբ և այդ ուղղությամբ անընդհատ կարողություններ է զարգացնում՝ Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում իր որոշիչ դերակատարման ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը՝ խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման միջոցով` որպես ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլ նաև ապահովող»,- նշված է ռազմավարության փաստաթղթում:

Երկրորդ հիմնարար սզկբունքն այն է, որ իր տրամաբանությամբ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին՝ հայոց պետականության հավիտենության ապահովմանը՝ մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին:

«Հայ ժողովուրդն այլևս պետք է հաղթահարի իր պետականության ձեռքբերման և կորստի արատավոր շրջապտույտը, որը տեղի է ունեցել նախկինում՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս պետք է հաստատի իր ինքնակայությունը հայոց պետականության հարցում, որի գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է միայն հայ ժողովրդի կամքից: Այս նպատակի իրագործումը ենթադրում է համահայկական ջանքերի և կարողությունների մեկտեղում: Հայոց պետականությունը, որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում, պատկանում է ՀՀ քաղաքացուն և համայն հայ ժողովրդին, որոնք էլ այդ պետականության կրողն են և շահերի պաշտպանը»,- նշված է ռազմավարության մեջ:

Երրորդ, մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար:

«Աշխարհաքաղաքական ծավալուն և հարընթաց փոփոխությունների պայմաններում ժամանակակից աշխարհակարգի հիմնարար սկզբունքների շուրջ ստեղծվել է անորոշություն. տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, թուլանում են միջազգային բազմակողմ հարթակները, իսկ պետությունների միջև փոխվստահությունը նվազում է: Ավանդական կանխատեսելի սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից զատ պետությունների և հասարակությունների առջև ծառանում է նաև անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու հրամայականը: Սրա ամենավառ օրինակը նոր տիպի կորոնավիրուսային համավարակի բռնկումն էր, որը հանկարծակիի բերեց աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցրեց ճգնաժամի առջև: Հենց դիմակայունության զարգացման տրամաբանությանն է միտված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հիմնված լինելով ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա: Ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում: Պատահական չէ, որ ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական-տեխնոլոգիական բաղադրիչներ»,- ասված է փաստաթղթում:

Փոփոխվող աշխարհի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովողի իր դերն արդյունավետ իրականացնելու համար Հայաստանը շարունակելու է մեծացնել իր միջազգային կշիռը։ Այս նպատակով Հայաստանը զարգացնելու է բոլոր ուժային գործիքակազմերը, այդ թվում «փափուկ ուժի» կարողությունները՝ շեշտը դնելով իր կարևորագույն ռեսուրսի՝ մարդկային կապիտալի վրա: Ընդ որում, մարդկային կապիտալը ևս դիտարկվում է աշխարհասփյուռ հայության ուժերի մեկտեղման համատեքստում:

40 էջանոց փաստաթուղթը բաղկացած է ներածությունից, 6 գլուխներից և եզրափակիչ դրույթներից: Ռազմավարության մեջ ներկայացված է Հայաստանի անվտանգային միջավայրը, ՀՀ ազգային շահերը, ռազմավարության նպատակներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային ռազմավարությունը:

«2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ: Փոխվել է նաև Հայաստանը: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»,- նշված է ռազմավարության մեջ: