Գլխավոր Լուրեր Սադրանք՝ խոսքով և գործով. Իլհամ Ալիևը մեղադրում է Հայաստանին

Սադրանք՝ խոսքով և գործով. Իլհամ Ալիևը մեղադրում է Հայաստանին

0
780

News.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Անվտանգության խորհրդի հապճեպ հրավիրված նիստին սահմանին իրավիճակի սրման համար մեղադրել է Հայաստանին, հայտնում է AzerTAc-ը:

Ինչպես եւ սպասվում էր, Ալիեւը չի խոստովանել ագրեսիան Ադրբեջանի կողմից, փոխարենը Հայաստանին է մեղադրել սադրանքների մեջ: «Հենց Հայաստանի ղեկավարության երկերեսանի եւ կեղծավոր գործունեության պատճառով են նման միջադեպեր տեղի ունենում։ Մի կողմից նրանք դիմում են միջազգային հանրությանը եւ օգնություն խնդրում զորքերի շփման գծում հրադադարի ամրապնդման համար, մյուս կողմից կրակ են բացում մեր գյուղերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ, ռազմական սադրանքներ իրականացնելով ցանկանում են հարձակվել Ադրբեջանի տարածքի վրա եւ գրավել մեր դիրքերը»,- հայտարարել է Ալիեւը միայն իրեն հասկանալի տրամաբանությամբ,- Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

Նրա խոսքով՝ համապատասխան կոչեր են արվել միջազգային կազմակերպություններին, եւ հենց օպերատիվ իրավիճակը թույլ տա, արտասահմանյան պետությունների ռազմական ներկայացուցիչները կհրավիրվեն այս տարածք։

«Թող իրենք իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ով է իրականացրել այդ ռազմական սադրանքը, այն, ինչ տեղի է ունեցել այդ ռազմական սադրանքի արդյունքում եւ ով է պատասխանատու իրավիճակը սրելու համար: Մեր գործը արդար է, եւ Ադրբեջանը ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքերից»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը, այնպես որ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները կկարողանան տեսնել միայն այն, ինչ նրանց ցույց կտան Ադրբեջանի իշխանությունները: Մինչդեռ, հատկանշական է, որ վերջերս ընդդիմադիր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին երկրում հասարակական դժգոհության աճի եւ իշխանությունների գարշելի աշխատանքի մասին կորոնավիրուսի դեմ պայքարում: Ադրբեջանի իշխանությունների համար սահմանին տեղի ունեցած միջադեպը հիանալի միջոց է հասարակության ուշադրությունը շեղելու ներքին խնդիրներից եւ «սլաքները» դեպի արտաքին հակառակորդն ուղղելու համար։