Գլխավոր Քաղաքական Համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա...

Համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա բոլոր սրումները, այդ թվում և անմիջական շփման ուղիների օգտագործումը

1061
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդումների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը հանգեցրել է կորուստների: Տարբեր տրամաչափի հրետանի է կիրառվել երկու ուժերի կողմից:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի կորստի համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը միջադեպի մեկնարկի պահից ի վեր անմիջական կապի մեջ են եղել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Կողմերը միմյանց են մեղադրել պայքարը սկսելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա բոլոր սրումները, այդ թվում և նրանց միջև առկա անմիջական շփման ուղիների օգտագործումը:

Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերականգնել կայուն բանակցությունները և ընդգծում են ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորությունը հենց որ պայմանները թույլ տան»: