Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:
«Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը»,- գրել է սենատորը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում, տուժածներ չկա, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Հայկական կողմում 3 զինծառայող բեկորային վնասվածք է ստացել, վիրավորվել է նաև սահմանային ծառայություն իրականացնող 2 ոստիկան: Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: