Գլխավոր Քաղաքական Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել. Նիկոլ Փաշինյան

1881
0

Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանություն նախարարությունում ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպմանը:

«Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին:

«Միևնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար»,-ընդգծել է ՀՀ վարչապետը: