Գլխավոր Պաշտոնական Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են. հուսով եմ՝ դրանք ավելի յուրահատուկ...

Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են. հուսով եմ՝ դրանք ավելի յուրահատուկ կդառնան. Ն. Փաշինյանը՝ Վ.Պուտինին (լուսանկարներ)

3484
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների:

Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ վերջերս հանդիպել ենք Սոչիում: Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են:

Շնորհակալ եմ, որ Դուք ժամանել եք, և մենք հնարավորություն ունենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում խոսել երկկողմ գործերից: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է:

Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին:

Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ: Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպել, խոսել մեր հարաբերությունների ամբողջ համալիրի շուրջ, բարի գալուստ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ Ձեզ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կապակցությամբ, որովհետև դա համաշխարհային մասշտաբի շատ կարևոր ու մեծ միջոցառում է, և հիմա ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի վրա: Շնորհակալ եմ հրավերի համար: Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաև ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաև հստակ իրականացվում են: Իհարկե,

Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան:

Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով, և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա:

Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք հույս ունենք դրական և կառուցողական երկխոսության և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է: Ես շատ ուրախ եմ դրա համար: Շնորհակալություն»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: