Գլխավոր Լուրեր Բաքվում պատժել են հայ սպային գերեվարողներին. ինչ է պատահել

Բաքվում պատժել են հայ սպային գերեվարողներին. ինչ է պատահել

1555
0

1in.am-ը  գրում է․ «Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ այդ երկրի ՊՆ ղեկավարությունը պահեստազոր է ուղարկել այն զինծառայողներին, որոնք առնչություն ունեն գերված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարմանը, ձայնագրել են հեռախոսներով և տարածել սոցցանցերում:

Ինչո՞ւ է Բաքուն պատժել դա անող զինծառայողներին, այն դեպքում, երբ ադրբեջանական քաղաքականության ծանոթ ձեռագիրն ու, այսպես ասած, «ոճը» հուշում են, որ այդ զինծառայողները անգամ պետք է խրախուսվեին: Համենայնդեպս, քնած հային կացնահարած մարդասպանին հերոսացնող իշխանության պայմաններում բավականին տարօրինակ է, որ պատժում են գերեվարված հայ սպայի վերաբերյալ հեռախոսային ձայնագրությունները սոցցանց գցած զինվորներին:

Միևնույն ժամանակ, հազիվ թե այդ քայլով Բաքուն փորձում է որևէ տպավորություն թողնել միջազգային հանրության վրա: Առավել ևս, որ Ադրբեջանը դեռևս չի էլ թույլ տալիս, որ միջազգային մարդասիրական կառույցները այցելեն գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Ուրեմն ինչո՞ւ են պատժվում նրանք, որոնք սոցցանց են ներբեռնել հայ սպայի գերեվարման հետ կապված տեսանյութեր:

Արդյո՞ք այն պատճառով, որ այդպիսով Բաքվին զրկել են ինչ-ինչ պլաններ առաջ տանելու հնարավորությունից, օրինակ՝ այն առնչությամբ, որ հայ սպան հետախույզ և դիվերսանտ է: Բաքուն հենց այդպես էր ներկայացնում եղանակային վատ պայմանների ժամանակ դիրքերի դիտարկման ընթացքում մոլորված հայ սպային: Մինչդեռ սոցցանցերում հայտնված տեսանյութերը հնարավոր է՝ պարունակում են պատկերներ, որոնք, մեղմ ասած, հերքում են Ալավերդյանի դիվերսանտ լինելը:

Մի բան հստակ է, որ Ադրբեջանը մի կողմից՝ գերեվարել է հայ սպային և փորձում է դրա վրա քաղաքական դիվիդենդներ կառուցել և թելադրել պայմաններ, այդ թվում՝ իր երկու հայտնի քարվաճառյան դիվերսանտներին հետ ստանալու «բաղձալի նպատակը» իրագործելու համար, մյուս կողմից՝ հայտնվել է անհարմար վիճակում, և ամեն ինչ չէ, որ ընթանում է Բաքվի սցենարով»:

Մանրամասները՝ այստեղ։