Գլխավոր Լուրեր Գերիների իրական թիվը կարող են շատ ավելին լինել

Գերիների իրական թիվը կարող են շատ ավելին լինել

1445
0

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին․

 

Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:

 

Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:

 

Հարց. Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը։

 

Պատասխան. Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։