Գլխավոր Լուրեր Այս տղուն օգնել է պետք: Մանկատուն, պատերազմ, վիրավորում․ 18-ամյա զինվորը երազում է...

Այս տղուն օգնել է պետք: Մանկատուն, պատերազմ, վիրավորում․ 18-ամյա զինվորը երազում է «սենսորային» հեռախոս ունենալ

2131
0


Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Էմանուել Բադիկյանը բանակ էր զորակոչվել այս տարվա օգոստոսի 24-ին։ Զինծառայության էր անցել Ասկերանում: Շուրջ մեկ ամսվա ծառայող էր, երբ վերսկսվեց Արցախյան պատերազմը: Էմանուելը պայթյունի ալիքից լուրջ վիրավորում է ստացել: Ծառայության մեկ ամսվա մասին միայն լավն է հիշում, դժգոհություններ չկան։ «Ամեն ինչ շատ լավ էր»,- ասում է պարտադիր ժամկետային զինծառայողն ու հիշում, թե երբ ու ինչպես իմացան, որ պատերազմ է սկսվում. «Մեր հրամանատարը սեպտեմբերի 26-ի գիշերը շարեց բոլորիս, ասաց՝ պատրաստ եղեք, տագնապ հրամանի դեպքում բարձրանում ենք դիրքեր: 2 ժամ հետո տագնապ տվեցին, գիշերը 4-ի կողմերը բարձրացանք պոստեր, առավոտ արդեն սկսվեց… Խառնված էինք սկզբում, մալադոյ էինք, չգիտեինք՝ ինչ անենք: Համապատասխան զրահաբաճկոն հագանք ու բարձրացանք հրետանու մոտ»: Էմանուելը պատերազմական գործողություններին 20 օր է մասնակցել. «Դուրս եկանք, որ հաց ուտենք, ռազմական ինքնաթիռ էր, թե ինչ էր, լավ չեմ հիշում, իմ դիմաց 10-ից ավելի հայ զինվորներ կային, ես ամենավերջինն էի, ինքնաթիռը սնարյադը գցեց ու գնաց, ընկերս ինձ հետ շպրտեց, գլխով խփեցի քարին ու ուշաթափվեցի»,- պատմում է 18-ամյա զինվորը: Երբ արդեն գիտակցության է եկել, տեսել է ծառայակից 6 ընկերների անշնչացած մարմինները: Չի հիշում՝ իրեն ով կամ ինչպես է տեղափոխել այդտեղից. «Ինձ տարան Ստեփանակերտի հիվանդանոց, ուշքի բերեցին, հետո տեղափոխեցին Երեւան»: Արդեն «Կանազի» հոգեբուժարանում Էմանուելը մնացել է մոտ 20 օր, հետո ուղարկել են մայրական խնամքի: «Հիվանդանոցից 20 օրով ուղարկեցին մայրական խնամքի, հետո երկրորդ անգամ կամիսյա անցավ, երրորդի ժամանակ արդեն ճանաչեցին ծառայության համար ոչ պիտանի»,- պատմում է Էմանուելի մայրը՝ տիկին Սուսաննան։ «Նյարդային խնդիրներ ունի, որ մի փոքր հուզվում է կամ ջղայնանում, կորցնում է ինքնատիրապետումը: Վերականգնողական բուժում է պետք տղայիս»,- մանրամասնում է նա: Տիկին Սուսաննան 3 տղաների մայր է: Մյուս երկուսը հիմա էլ սահման են պահում, մեկը՝ Տավուշում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով: Պատերազմական օրերին վերջինս եղբոր՝ Էմանուելի հետ եղել է Աղդամում: Նա եւս բեկորային վիրավորում է ստացել ոտքի շրջանում, սակայն մորն այդ մասին չի ասել. «2 տեղից վիրավորվել է, առաջինը Էմանուելս է վիրավորվել, հետո՝ մյուս տղաս, ինձ խնայել էին, չէին ասել, հետո եմ իմացել: Հիմա էլ «Ես եմ» ծրագրով շարունակում է ծառայությունը, ճիշտ է՝ ցավեր ունի, բայց դե… վերջում գոնե տուն կունենանք»: Սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ մասնակցող 3 տղաները կյանքի 5 տարիներն անց են կացրել Վանաձորի մանկատանը: Մայրն ասում է՝ որդիները դժվար կյանք են տեսել, դեռ մանկուց են իմացել կյանքի դառնությունները: Տղաների մայրը վաղուց է ամուսնալուծվել, ամուսնու հետ որեւէ կապ չկա: Տան միակ եկամուտը պայմանագրային զինծառայող որդու աշխատավարձն է: Բնակարանը, որտեղ ապրում են, վարձով է: Անբարեկարգ փոքր բնակարանը տաքացվում է վառելափայտով: Ընտանիքը վերջերս է որոշակի վառելափայտ գնել բարերարներից մեկի տված փոքր գումարով: Մայրն ասում է՝ Էմանուելի համար նաեւ տաքությունն է կարեւոր: Սննդի ու ձմռան ցրտին դիմակայելը 3 զինվորի ընտանիքի առաջնային խնդիրներից է: Հարցին՝ ինչ է պետք այսօր այս ընտանիքին, մայրը լռում է, հետո դժվարությամբ ասում. «Պետությունը հիմա այն վիճակում է, որ չգիտեմ՝ ինչ ասեմ կամ, առհասարակ, ասեմ, թե ոչ: Ամեն անգամ Վանաձորից տղայիս Երեւան հետազոտությունների հասցնելու համար փաստի առաջ եմ կանգնում: Տղայիս նորմալ սնվել է պետք, որ կարողանա վերականգնվել»: 18-ամյա Էմանուելը դպրոցն ավարտելուց հետո սովորել է արհեստագործական քոլեջում՝ փայտամշակում մասնագիտություն: Ասում է՝ այս հոգեվիճակում առայժմ դժվար կարողանա փայտի հետ աշխատել. «Ներվերս չեն հերիքի, փորագրումը ներվերի հարց է..»: Ապագայի հետ կապված միայն մեկ ու կարեւոր պլան է շեշտում՝ շուտ առողջանալ, կազդուրվել ու իր արհեստով առաջ գնալ, թեպետ անգամ ո՛չ հումք ունի, ո՛չ էլ՝ գործիք: Մանկության օրերին կյանքի դժվարություններ տեսած, մանկատանն ապրած, հետո արդեն պատերազմի բովով անցած վիրավոր զինվորը զբաղվելու համար ոչինչ չունի: Միակ զբաղմունքը, ինչպես ինքն է ասում, մոր՝ «կնոպկով» հեռախոսն է, այն էլ օրվա մեջ մի քանի ժամ է ձեռքն ընկնում. «Ես առաջ ախպորս սենսոր հեռախոսն էի օգտագործում, ձեռքիցս ընկավ ջարդվեց, հիմա ոչ մի բան չունեմ»: Էմանուելը նաեւ սպորտով է զբաղվել՝ բռնցքամարտով ու սուսերամարտով, հետո արգելել են շարունակել՝ կապված նյարդային խնդիրների հետ: Ընտանիքի համար, թերեւս, միակ ու կարեւորագույն խնդիրը ոտքի կանգնելն է՝ ձմռան վառելափայտի հարցն ու զինվորի համար այդքան սպասված ու երազանք դարձած՝ «սենսոր» հեռախոսը: