Գլխավոր Լուրեր ՃՐԱԳԱԼՈՒՅՑ Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

888
0

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ:

Հունվարի 5-ի երեկոյան բոլորը հավաքվում են եկեղեցում: Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Հիսուս Քրիստոսի գալուստը վկայող մարգարեությունները: Ապա ընթերցվում են Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է սուրբ խորանի վարագույրը: Սկսվում է սուրբ պատարագի արարողությունը: Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է:

Այս իմանալի և անճառելի Լույսի ծագման համար այսօր մենք վառում ենք լապտերներն ու կանթեղները և անվանում այս օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույցը, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները, որովհետև Տերը ոչինչ չի անում առանց Իր ծառաներին հայտնելու: Եվ այս օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ՝ գալիք օրվա, երբ ծագելու է մեծ Լույսը, ինչպես որ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:

Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ: