Գլխավոր Լուրեր Մոսկվայից առաջ՝ ինչ է ասել Մակրոնը Փաշինյանին

Մոսկվայից առաջ՝ ինչ է ասել Մակրոնը Փաշինյանին

666
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թե՛ արցախյան հարցին և դրա շուրջ ստեղծված իրադրությանը վերաբերող խնդիրներ, թե՛ երկկողմ հարաբերության հարցեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցության համար:
Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմից հետո կրում են պարբերական բնույթ: Նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից ի վեր այդ հեռախոսազրույցները ստանում են առանձնահատուկ նշանակություն այն իրողության ֆոնին, որ Ֆրանսիան նոյեմբերի 10-ին հայտարարեց հայ ժողովրդի շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ գործնականում ազդարարելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում այդ շահերն արտացոլված չեն: Միաժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանը, ինչպես հայտնի է, ընդունեց Արցախի ճանաչման երկու հայտնի բանաձևերը՝ երկու պալատներում: Իհարկե, գործադիր իշխանությունը հրաժարվում է բանաձևերով տրվող հորդորին կամ կոչին ընդառաջել և Արցախի անկախությունը ճանաչել, սակայն Ֆրանսիան շարունակում է խոսել կարգավիճակի, նաև Արցախի կորցրած տարածքների դեօկուպացիայի մասին:

Այդ ամենի համատեքստում Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը հատկապես ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվա սպասվող այցի մասին տեղեկությունների ֆոնին: Դրանք իհարկե պաշտոնապես հաստատված չեն, սակայն նաև հերքված չեն: Ընդ որում, խոսվում է այն մասին, որ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում: Թեև բավականին բարդ է պատկերացնել, թե Ալիևի հայտնի վարքագծի պայմաններում ինչպես կարող է տեղի ունենալ նման ձևաչափի հանդիպում, սակայն հանգամանքը, որ այդ տեղեկությունները չեն հերքվում, վկայում է, որ հանդիպում հնարավոր է: Իսկ դա առաջացնում է, մեղմ ասած, տագնապներ, որ օգտվելով Հայաստանի պարտված կարգավիճակից՝ Մոսկվայում կարող է պարտադրվել որոշակի փաստաթղթերի ստորագրում, որոնք կարող են միտված լինել հենց հայկական շահերն ու իրավունքները առնվազն տևականորեն կոնսերվացնելուն կամ դրանց հետագա սպասարկման համար խոչընդոտներ ստեղծելուն: Այդ ամենը, կրկնենք, մտահոգության և ենթադրյալ ռիսկերի տիրույթում են, սակայն առկա քաղաքական իրավիճակն ու ռեգիոնալ ռուս-թուրքական տրամաբանության գերակայությունը հուշում են նման ռիսկերի իրատեսականությունը:
Այդ համատեքստում էլ Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի խոսակցությունը ներկայացնում է շոշափելի հետաքրքրություն՝ այն իմաստով, թե արդյոք Ֆրանսիան հայտնե՞լ է Երևանին Մոսկվայում սպասվող ռիսկերին դիմակայելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն: Թե՞ Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր մտահոգությունը և Նիկոլ Փաշինյանին հորդորել, օրինակ, խուսափել մոսկովյան հանդիպումից: