Գլխավոր Լուրեր Տեսանյութ։«Թող մեկը գա, ասի՝ երաշխավորում եմ, երեխաներն ապահով կհասնեն Արցախ, դեմ չենք...

Տեսանյութ։«Թող մեկը գա, ասի՝ երաշխավորում եմ, երեխաներն ապահով կհասնեն Արցախ, դեմ չենք լինի, բայց երաշխիք չկա». զինծառայողների ծնողներն ակցիա են անում Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

1016
0

Արցախից արձակուրդի եկած ժամկետային զինծառայողների ծնողները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բողոքի ակցիա են անում: Պահանջն այն է, որ զինծառայողներին չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ, և ոչ ոք երաշխիք չունի, որ նրանք անվտանգ կհասնեն Արցախ:

«Թող մեկը գա նախարարությունից, ասի՝ այս երեխեքին Հայաստանի զորամասեր ենք տանում, թող կոնկրետ տվյալ ասեն, Արցախ հասնելու համար ոչ ոք երաշխիք չունի, ում էլ հարցնում ես՝ երաշխիք կա՞, որ հասնելու են, այսքան հրամանատարներից ոչ մեկը չի ասում, որ ես երաշխավորում եմ անվտանգությունը, չկա նման բան: Ո՞ւր գնան»,- ասաց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ արձակուրդից եկած զինծառայողներն են, որոնք դեռ դեկտեմբերի 28-ին պետք է գնային, ճանապարհը անվտանգ չէր, ադրբեջանցիները չէին թողնում՝ գնային, դրա համար երեխաներին բերել են այդտեղ և կացարան տվել: «Եթե 10, 20 օր առաջ վտանգավոր էր, հիմա ի՞նչը փոխվեց: Ոչ ոք չի ասում՝ ինչի հիման վրա է այսօր անվտանգ, երեկ անվտանգ չէր, այսօր անվտա՞նգ է»,- ասաց նա:

Մեկ այլ ծնող էլ հավելեց, որ ժամկետ չեն ասել՝ երբ են տալու, գիշերն առանց որևէ մեկին զգուշացնելու ավտոբուսները բերել են ու երեխաներին ասել են՝ նստեք: «3 ժամ է՝ կանգնել ենք, ոչ ոք չի բարեհաճում՝ ո՛չ ՊՆ-ից, ո՛չ ԶՈւ-ից որևէ մեկը գա, մեզ ասի՝ երաշխավորում եմ, ձեր այս 250 երեխան անվտանգ տեղ են հասնելու: Թող գան ասեն՝ անվտանգ տեղ են հասցնելու, մենք դեմ չենք լինի: Հարցնում ենք՝ դուք գնալո՞ւ եք, ասում են՝ կհասցնենք ճանապարհի կեսին, հետ կդառնանք, բա ո՞ւր են տանում մեր երեխեքին»,- նշեց նա:

Ծնողները պահանջում են հանդիպում ՊՆ ներկայացուցչի հետ՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ավտոբուսներ բերել՝ զինծառայողներին տանելու համար:

Նրանցից մեկը նշեց՝ թող պարզաբանեն, թե ինչու են սպաները քաղաքացիական հագուստով ուղեկցելու. «Որ իրենք փախչեն, ու զինվորները գերի ընկնե՞ն: Թող իրենք էլ զինվորական հագուստով գնան»,- ասաց զինծառայողներից մեկի հարազատը:

Նրանցից մեկն էլ հավելեց, որ զորամասի անձնակազմի հետ են հանդիպել և իրենց ասել են՝ զինվորերը համաձայն են գնան. «Ես էլ ասացի՝ մտնենք ներս, հարցնենք զինվորներից՝ ուզո՞ւմ են, թե ոչ, եթե 250 հոգուց տասը հոգին համաձայնել են, դա դոգմա չէ»,- ասաց նա:

Ծնողներից մեկն էլ շեշտեց, թե ներսում ռազմականով սպառնում են զինծառայողներին, որ պարտադրելով տանեն Ղարաբաղ: «Զինվորներին գեներալն ասում է ՝սա ձեր թասիբի հարցն է, էդ որ զինվորները էնտեղ կանգնած էին, բա ձեր թասիբն ո՞ւր էր: Այսօր դուք թասիբից խոսելու իրավունք չունեք: Էդքան զոհ տվեցինք, հիմա ուզում են վերջին զոհերն էլ տա՞նք, ուզում են 20 տարեկան երեխեք չթողնե՞ն»,- նշեցին նրանք: