Գլխավոր Լուրեր Փորձագետը նշել է այն երկրները, որտեղ 2021թ. պատերազմ կարող է սկսվել

Փորձագետը նշել է այն երկրները, որտեղ 2021թ. պատերազմ կարող է սկսվել

2156
0

Անցած 2020թ.-ը, համավարակից բացի, կհիշվի նաև բռնության աճով. զանգվածային բողոքի ակցիաներ, տարածաշրջանային հակամարտություններ, քաղաքացիական պատերազմներ: Փորձագետների գնահատմամբ` 2021թ. բռնության ալիքը միայն աճելու է, իսկ նրա հետևանքները նույնիսկ կանխատեսել հնարավոր չէ: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչը նշել է այն երկրները, որոնք 2021թ. կբախվեն պատերազմին:

Պակիստան-Հնդկաստան-Չինաստան
Փորձագետի խոսքով` 2020թ.-ի «բացահայտումը» Չինաստան-Հնդկաստան-Պակիստան եռանկյան սրացումն էր: Հնդկաստանի ու Չինաստանի դեպքում զոհեր չեղան, բայց, մյուս կողմից, կողմերը սահմանին աննախադեպ մեծ ուժեր կենտրոնացրեցին:

Վալյուժենիչի կարծիքով` Պակիստանի դեպքում մեծ պատերազմի վտանգ կա: Հնդկաստանի հետ սահմանին պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում: Դելիում հակաիսլամական տրամադրությունները թեժանում են: Այդ ամենում ուշագրավ երևույթը, փորձագետի խոսքով, Թուրքիայի ցանկությունն է` հակամարտությունում Պակիստանի կողմից ներգրավելու: «Այնպես որ նախ այս տարածաշրջանում պետք է սպասել նոր առճակատման»,- նշում է ռազմական փորձագետը:

Ամերիկյան զորքերի դուրսբերումը
Վալյուժենիչը նշել է, որ մի շարք երկրներից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկությունները միանշանակ չպետք է ընդունել: Աֆղանստանում նրանք իսկապես մտադիր են ներկայությունը կրճատել, ինչը, փորձագետի խոսքով, կարող է հանգեցնել Թալիբանի ազդեցության ավելացմանը: Այս երևույթը, ինչպես նշում է, սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, քանի որ Տաջիկստանում գտվող ռազմական օբյեկտներն աֆղանական սահմանին շատ մոտ են:

Ռազմական փորձագետն ընդգծել է, որ Իրաքում բոլորը «թեթև շունչ կքաշեն», երբ ամերիկյան ուժերը հեռանան: Սոմալիի դեպքում նրանք տարածաշրջանից չեն հեռանա. բազաներ կհիմնեն այդ երկրի սահմաններին: Այս հատվածում, նրա խոսքով, դժվար թե ինչ-որ բան փոխվի:

Սիրիայից ԱՄՆ ռազմական ուժերն ընդհանրապես չեն պատրաստվում հեռանալ, ինչն էլ, փորձագետի համոզմամբ, ձգձգում է պատերազմը:

Պատերազմ` «հանուն Իսրայելի»
Փորձագետն անդրադարձել է նաև Մարոկկոյին` նշելով, որ այդ երկրի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման համար ԱՄՆ-ն հյուսիսաֆրիկյան պետությանը վճարել է` ճանաչելով նրա տիրապետությունն Արևմտյան Սահարայի նկատմամբ: Սա տարածաշրջանում ռազմական նոր հակամարտության վերսկսման պատճառ է դառնում. Սահարայի ազատագրման ճակատը («Պոլիսարիոյի ճակատ») ակտիվացել է: Նրա հետևում կանգնած են Ալժիրը և, համաձայն շրջանառվող տեղեկությունների, Իրանը: Մարոկկոյի լայնածավալ ներխուժմանն Ալժիրը կարող է արձագանքել լայնածավալ պատերազմով: Եվ այդ ամենը, փորձագետի պնդմամբ, հանուն Իսրայելի:

Եթովպիա
Վալյուժենիչի խոսքով` Եթովպիայում ստեղծված իրավիճակն առանձին խոսակցության թեմա է, բայց եթե կարճ, ապա Տիգրայ նահանգի ապստամբները դուրս են եկել երկրի դաշնային կառավարության դեմ: Հակամարտությունն այստեղ նոր չէ, սակայն ծավալներն են մեծացել: Տիգրայի ազատագրության ճակատը վայելում է արաբական երկրների աջակցությունը, քանզի Եթովպիան թուլացնելը նրանց ձեռնտու է: Ճակատի ռազմական անհաջողությունը նրանց կարող է մղել ահաբեկչական պայքարի, ինչը երկիրն ավելի վատ վիճակի կբերի:

Թուրքիայի ակտիվությունը
Ռազմական փորձագետը շեշտել է, որ Թուրքիան կենտրոնացել է Պակիստանի, Լիբիայի, Սիրիայի, Իրաքի հակամարտութունների վրա: Անկարայի հաջորդ թիրախն Իրանն է: Շարունակվում է «սառը պատերազմը» Հունաստանի հետ: Ալեքսեյ Վալյուժենիչի պնդմամբ` Թուրքիայի ռազմական մեքենան դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա:

Փորձագետը նաև նշել է, որ վերոնշյալ տարածաշրջաններում Թուրքիան շարունակելու է գործել ավելի շատ, ավելի ակտիվ, քանի որ Ղարաբաղում Էրդողանի գործողությունների վրա միջազգային հանրությունը «աչք փակեց»