Գլխավոր Լուրեր Հրադադարի ռեժիմի խախտում:Ստեփանակերտը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին

Հրադադարի ռեժիմի խախտում:Ստեփանակերտը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին

767
0

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այդ մասին տեղեկացրել ենք խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, մեկ անգամ ևս խոսում է ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ապակառուցողական վերաբերմունքի մասին, այլև Արցախի ժողովրդի հետ կողք-կողքի ապրելու անհամատեղելիության մասին»,-նշեց խոսնակը։

Նրա խոսքով, տեղի ունեցածը ևս մեկ կարևոր ազդանշան է, որ Արցախի կարգավիճակի խնդիրը պետք է շատ արագ լուծվի և նմանատիպ դեպքերն ավելի խիստ քննության առնվեն։
«Հույս ունեմ, որ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն տեղի ունեցածն անուշադրության չի մատնելու և պատշաճ քննություն է իրականացվելու»,-ասաց Պողոսյանը։

Նշեք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: