Գլխավոր Լուրեր Արդեն հայտնի է, որ հեռուստաալիքները կզրկվեն հեռարձակման իրավունքից:

Արդեն հայտնի է, որ հեռուստաալիքները կզրկվեն հեռարձակման իրավունքից:

745
0

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ քվերակությամբ բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած ընկերությունների վարկանիշային միավորները:

Երեկ՝ հունվարի 14-ին էլ, ՀՌՀ-ն բաշխել էր մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր հայտնեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքայինի համար՝ 9 սլոթ։ «Սակայն դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի համաձայն՝ ռուսական հեռուստաալիքը ստանում է հանրապետական, եւս երկուսը՝ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր»,- ասաց Հակոբյանը։

Ըստ համաձայնագրի՝ հանրապետական սփռման հնարավորություն է ստանում ռուսական «РТР планета» հեռուստաալիքը, իսկ «первый канал» եւ «Культура» ալիքները ստանում են մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր։

Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7։

Հակոբյանը նաեւ հայտնեց, որ հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրել են դիմումներ, որով նրանք հետ են կանչել իրենց հայտերը։ Ուստի այս 2 ընկերությունները չեն մասնակցում մրցույթին։ Նրանց հայտերը հանրապետական սփռման լիցենզիա ստանալու համար էր։

«Հայկական ժամանակը» ճշտեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտ էր ներկայացրել եւս մեկ սլոթ ստանալու համար, սակայն անհայտ պատճառներով որոշումը վերանայել էր եւ վերջին օրը հայտը հետ կանչել։ Իսկ ինչ վերաբերում է «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ին (Առաջին լրատվական կայքեջ), նրա մրցույթին չմասնակցելու պատճառները եւս հայտնի չեն։ Ընկերությունը դիմել էր հանրապետության ողջ տարածքով հեռուստատեսային հաճախականություն ստանալու համար։

Ստորեւ ներկայացնում ենք վերջնական արդյունքում հանրապետական սլոթերի համար մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների ստացած միավորները.

«Արմենիա TV» ՓԲԸ – 723 միավոր
«Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր մեդիա) – 688 միավոր
«Շանթ» ՍՊԸ- 680 միավոր
ATV ՍՊԸ- 670 միավոր
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ – 663 միավոր
«Շարք» ՍՊԸ (5-րդ ալիք) – 657 միավոր
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ – 626 միավոր
«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր
«Մելտեքս» ՍՊԸ (Ա1+) – 545 միավոր
Freenews ՍՊԸ – 531 միավոր

Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն։ Այս 5 ընկերություններն արդեն իրենց տեղը գրավեցին հանրապետական ծածկույթում եւ ստացան հեռարձակման իրավունք։

Ըստ այդմ՝ հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) եւ Freenews ՍՊԸ լրատվական կայքը:

Նշենք, որ հանրապետական սփռման իրավունք չստացած հեռուստաալիքներից միայն «Հ2»-ն է նախկինում այդ իրավունքն ունեցել, «5-րդ ալիքն» ու «Արմնյուզը» ունեին միայն մայրաքաղաքային սփռման իրավունք, իսկ ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա այն դիմել է լիցենզիան վերականգնելու համար, որից նախկինում զրկվել է։ Տարիներ առաջ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց քաղաքական դրդապատճառներով։ Նկատենք,

Միայն մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած 4 ընկերությունները ստացել են հետեւյալ միավորները.

«Արփի մեդիա» ՍՊԸ-ն – 542 միավոր
«Դար 21» հեռուստաընկերությունը – 492 միավոր
«ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն – 463 միավոր
«Շանթ սպորտ» ՍՊԸ – 216 միավոր

Նիստի ավարտին Տիգրան Հակոբյանը նշեց՝ ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը: Այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, տեղ կզբաղեցնեն մայրաքաղաքային մուլտիպլեքսում, եթե դիմել էին մայրաքաղաքային սլոթերի համար։

«Ցածր վարկանիշի պատճառով հեռուստաընկերությունը լիցենզիա չի ստանում, նույնիսկ եթե սլոթերում բավարար տեղ ունենք։ Վարկանշային միավորով մրցույթի հաղթահարման բավարար շեմը 280-նն է»,- ասաց Հակոբյանը:

Նա նկատեց՝ «Շանթ սպորտ» ՍՊԸ-ն միակն է, որ նվազագույն շեմը չի հաղթահարել՝ ստանալով 216 միավոր։ «Մենք հիմա կգնանք եւ վերջնական որոշումը կձեւակերպենք, որը կհրապարակվի: Ես հույս հայտնեմ, որ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կստանան լիցենզիա, կստանձնեն իրենց կարեւորագույն սոցիալական միսիան, կհեռարձակեն հանրային պահանջմունքների եւ հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական եւ արտադրական բարձր ստանդարտներին, կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական եւ գիտելիքներ տարածելու դերը: Սա ամենակարեւոր մաղթանքն է հանձնաժողովի կողմից»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ-ից հայտնեցին, որ հաջորդ շաբաթ վերջնական պաշտոնապես կհայտարարեն հաղթող եւ սփռման իրավունք ստացած (հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային) հայտատու ընեկրությունների անունները։ Թերեւս այդ պատկերը նաեւ այսօր է պարզ, երբ հայտնի են երեք տեսակի սլոթերի քանակն ու դրանց համար դիմած ընկերությունների վարկանշային միավորները։ Առավելագույն միավորներ հավաքած ընկերությունները կզբաղեցնեն նախատեսված սլոթերը, նվազագույնները մեխանիկորեն դուրս կմնան։ ՀՌՀ-ն հայտարարել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային:

Հիշեցնենք՝ նախկինում օրենքով լիցենզիաների գործողության ժամկետը 10 տարի էր, իսկ 2020 թվականի հուլիսին հաստատված նոր օրենքի համաձայն ժամկետները վերանայվել են՝ այժմ տրվում են 7 տարով։