Գլխավոր Լուրեր Գերիների ցուցակ չի լինելու

Գերիների ցուցակ չի լինելու

1303
0

«Խնդիրը կոնֆիդենցիալ լուծման համակարգ է։ Անուններ են պահանջում, ցուցակ հրապարակել․․․չի լինելու նման բան, որովհետեւ ցուցակ հրապարակել՝ նշանակում է առաջնահերթ վտանգել ռազմագերիներին եւ հնարավորություն տալ շառլատաններին խանգարելու գործընթացին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։ «Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք, թե մոտավոր ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ, որովհետեւ հակառակորդ կողմն այսօր ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք։ Մենք հո գիտենք, որ այդքանը չէ։ Գործընթացը տեւական է եւ շատ զգայուն։ Դրա վրա պետք է աշխատեն պետական կառույցները՝ առանց հրապարակումների եւ ֆետիշացման, պահանջների։ Որեւէ մեկն անզգույշ հայտարարություններով չպետք է խանգարի գործընթացին»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա հավելեց․ «Վստահ եմ, որ ամսի տասնմեկին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում խանգարող հանգամանքներ են եղել նաեւ անզգույշ արտահայտությունների, լրատվական կառույցների կողմից շահարկումների, «ֆեյք» տեղեկատվության տարածման տեսքով։ Պետք է զգույշ լինել»։ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Արցախում անհետ կորածների ծնողների հետ հանդիպման տեսանյութին, որը հայտնվել էր համացանցում եւ որում բորբոքված ծնողներն իմքայլականներին հրավիրում էին որոնումներին մասնակցելու․ «Ցուցադրվել է հանդիպման այն հատվածը, որը պատվիրատուն ուզեցել է տեսնել։ Բայց, քանի որ, սենսացիաներ էին ման գալիս․․․չգրեցին, թե առաջին հանդիպումն ինչպես է ավարտվել։ Հստակ պատկերացում ենք կազմել մեր անելիքների եւ անհետ կորածների ծնողների պահանջների սպասարկման առումով։ ԱԺ մեր պատվիրակությունը ջերմությամբ բաժանվեց նրանցից։ Բաց ճակատով, անգամ՝ թուք ու մուր ուտելով․․․»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/18/1165528/

 

© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից