Գլխավոր Դեսից-դենից Հրեական իմաստուն առակ. Լավ և վատ քաղաքը

Հրեական իմաստուն առակ. Լավ և վատ քաղաքը

1076
0

Իմաստուն առակ մարդու աշխարհայացքի և աշխարհընկալման մասին…

Մի անգամ մի մարդ նստած էր մի քաղաքի մուտքի մոտ: Նրան է մոտենում մի երիտասարդ և հարցնում է.

– Ես երբեք չեմ եղել այստեղ: Ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:

Ծերունին պատասխանում է նրան հարցով.

– Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին այն քաղաքում, որտեղից դու եկել ես:

– Նրանք եսակենտրոն և չար մարդիկ էին: Ասենք, հենց դրա համար էլ ես ուրախությամբ հեռացել եմ այդտեղից:

– Այստեղ դու կհանդիպես ճիշտ նույն տեսակի մարդկանց,- պատասխանեց նրան ծերունին:

Որոշ ժամանակ անց ծերունուն մոտեցավ մեկ ուրիշ մարդ և տվեց նույն հարցը.

– Ես հենց նոր եմ հասել այստեղ: Ասա ինձ, խնդրեմ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:

Ծերունին նորից հարցին նույն հարցով պատասխանեց.

– Ասա ինձ, որդիս, ինչպե՞ս էին մարդիկ իրենց պահում այն քաղաքում, որտեղից դու եկել ես:

– Օ, նրանք բարի, հյուրասեր և երախտապարտ մարդիկ էին: Այնտեղ ես շատ ընկերներ եմ թողել, և ինձ հեշտ չէր նրանց հրաժեշտ տալը:

– Հենց այդպիսիներին էլ այստեղ կգտնես,- պատասխանեց ծերունին:
Վաճառականը, ով մոտակայքում արածեցնում էր իր ուղտերին, լսեց այդ խոսակցությունները և հենց երկրորդ մարդը հեռացավ՝ նա դիմեց ծերունուն.

– Ինչո՞ւ դու երկու մարդկանց նույն հարցին տվեցիր բացարձակապես տարբեր պատասխաններ:

– Որդիս, յուրաքանչյուրն իր աշխարհն իր սրտում է կրում: Նա, ով անցյալում ոչ մի լավ բան չի գտել այն վայրերում, որտեղից եկել է, այստեղ առավել ևս ոչինչ չի գտնի: Եվ հակառակը, ով իր քաղաքում ընկերներ է ունեցել, այստեղ էլ կգտնի հավատարիմ ընկերներ, քանի որ մեր շրջապատի մարդիկ մեզ համար դառնում են այն, ինչ մենք գտնում ենք նրանց մեջ: