Գլխավոր Դեսից-դենից Ի՞նչ են խորհրդանշում դաջվածքները

Ի՞նչ են խորհրդանշում դաջվածքները

1315
0

Դաջվածքները, որպես նկարներ՝ իրենց բնույթով չեն բաժանվում արական և իգական դաջվածքների: Դրանց միջև տարբերությունն այն է, որ կանայք դաջվածքներ անում են զուտ էսթետիկայից ելնելով, իսկ տղամարդիկ դաջվածքներ անում են դրանց հիմքում ընկած իմաստն արտահայտելու համար: Բացի այդ, կանացի դաջվածքն ավելի քիչ ագրեսիա է պարունակում և համարվում է գեղեցկության մասնիկ:

Ինչո՞ւ և մարմնի ո՞ր հատվածների վրա են կանայք դաջվածքներ անում

Դաջվածքն, առաջին հերթին, ինքնարտահայտման ձև է: Այն նաև սոցիալական կարգավիճակի, բարդույթների հաղթահարման և շրջապատից առանձնանալու որոշակի իմաստ է կրում: Դաջվածքի շնորհիվ թաքցվում են սպիները, մաշկի անհարթությունները և ի ծնե ունեցած մեծ նշանները: Կանայք հիմնականում դաջվածք անում են ուսին, կոճերին, մեջքին, թիակին, ազդրին, գոտկատեղին, դաստակին, փորին, կրծքին և հետույքին:

Դաջվածքների նշանակությունը

Դաջվածքների նշանակությունը կախված է պատկերված նկարներից: Հնում հենց դաջվածքով էին կարողանում անծանոթ մարդիկ միմյանց մասին կարծիք կազմել: Այժմ, երբ մարդու մարմինը ծածկված է հագուստով, դաջվածքն ունի միստիկ նշանակություն` հանդես գալով՝ որպես թալիսման:

Կենդանիներ, թռչուններ և միջատներ պատկերող դաջվածքները խորհրդանշում են մարդու վերադարձը կենդանական բնություն` խորհրդանշելով իմաստնությունը, ինտուիցիան, խորամանկությունը, ուժը, հավատարմությունը և համարձակությունը:

Ամենատարածված դաջվածքները

Գայլ (տոկունություն, միայնություն, ագրեսիա), Կատվազգի առյուծներ (առյուծ, վագր, ընձառյուծ-ուժ, փափկություն, անկախություն, իշխանություն, զգայունակություն), շուն և ձի (հավատարմություն, օգնություն, ազնվություն), արջ(ուժ, ծուլություն, պաշտպանություն և դաժանություն), արծիվ (հպարտություն և հոգու վեհություն), բու (իմաստություն), թիթեռնիկ (կենսակերպ թեթևություն, գեղեցկություն), սարդ (իմաստություն և դաժանություն), կարիճ (պաշտպանություն, խորհրդավորություն, սեքսուալություն և վճռականություն), կատու (արագաշարժություն, կանխատեսում, ազատություն, ուժերի վերականգնում):

Բուսական զարդանախշեր

Բուսական զարդանախշերը կանանց դաջվածքների հիմնական թեման են: Ծաղկային սիմվոլները խորհրդանշում են կանացիությունը և գեղեցկությունը, իսկ ծառերինը` իմաստություն և կայունություն: Ամենահին դաջվածքներից է վարդը, որը, ինչպես և ջրաշուշանը, սիրո խորհրդանիշն են: Կարմիր վարդը խորհրդանշում է կիրքը, իսկ սպիտակ վարդը կամ շուշանը՝ մաքրություն:

Կրոնական սիմվոլիկա (խաչ, սրբապատկերներ)

Կրոնական սիմվոլիկան դաջվածքների անբաժան մասն է: Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին բացասաբար է վերաբերվում հավատքի նման դրսևորմանը, այս սիմվոլները խորհրդանշում են Աստծո հետ կապը:

Էթնիկ

Էթնիկական դաջվածքների մեջ հատկապես հայտնի են ճապոնական, աֆրիկյան, հնդկական և կելտական մոտիվները, դրանք հաղորդում են այն մասին, որ իրենց տիրուհին հետաքրքրված է համապատասխան երկրի մշակույթով: Այս դաջվածքները համարվում են նորաձև, իսկ լավ վարպետը դաջվածք անելուց առաջ խնդրում է նրա տիրուհուն՝ լավ մտածել: Չէ՞ որ տվյալ պահին նորաձև համարվող նկարը կարող է նորաձևությունից ետ մնալ կամ շուտ ձանձրացնել:

Սիմվոլիկա

Գոյություն ունեն նաև ստանդարտ տատու-սիմվոլներ: Պայտ (հաջողություն), կայծակ (իշխանություն, աստվածների ցասում), սիրտ (սեր), գանգ (խորհրդանշում է մահը և, միևնույն ժամանակ, պաշտպանում է մահից), արև (բարեկեցություն, զարգացում և ազնվություն), բոց (վերափոխում, մաքրում), երեխաներ (անկեղծություն և կենսուրախություն):

Տատու-մակագրություն

Դաջվածքների մեջ կա յուրահատուկ ուղղություն` տարբեր տեսակի մակագրություններ, օրինակ` հիերոգլիֆներ: Ամենատարածված տեսակն է սիրած մարդու, վայրի կամ որևէ կարգախոսի մակագրության տեսքով դաջվածքը:

Ամեն դեպքում, եթե որոշել եք դաջվածք անել, հիշեք, որ այն անդառնալի է, և կարելի է դաջվածքը մաշկի մակերեսից հեռացնել միայն վիրահատական միջամտությամբ: Որի հետևանքները սպիները կարող են ամբողջ կյանքում մնալ: Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ ենք տալիս սկզբում փորձել ժամանակավոր դաջվածք հինայի տեսքով, որից հետո որոշեք՝ արդյո՞ք արժե ողջ կյանքի համար մարմնին կրել այդ դաջվածքը: