Գլխավոր Դեսից-դենից «Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի...

«Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և՛ նրա ամուսինը, թշվառ կլինի և՛ ամբողջ գերդաստանը»: Ղազարոս Աղայան — «Կնոջ կոչումը»

1805
0

Կնոջն կոչումն է լինել մայր: Կինը մայրական սիրտ պիտի ունենա դեպի իր զավակները, այլև դեպի ամեն մարդ: Ամեն գործում, ամեն քայլափոխում պիտի երևա, որ նա մի գթասիրտ, մի բարի և առաքինի մայր է:

Ինչ որ վատ է, կոշտ է, տգեղ է, անիրավ է, անգութ է, բնավ երբեք հարմար չէ և ոչ վայելուչ կին սեռին:

Կանայք ի բնե այսպես են և ինչպես որ մի առանձին հակում ունեն դեպի արտաքին զարդարանքները, նույն հակումն ունեն և դեպի այն ամենը, ինչը որ գովելի է, սիրելի է, հարգելի է, այսինքն դեպի հոգեկան զարդարանքները:

Իհարկե, այս ամենը լինում է ժամանակի հասկացողության համեմատ, բայց ինչ ժամանակ էլ, որ լինի, կինը միշտ բարու և գեղեցիկի կողմն է հակվում ավելի շատ, քան թե տղամարդը, որ եթե մի բարի բան է անում, այդ էլ լինում է դարձյալ կնոջ շնորհիվ:

Զավակի բարոյական կրթության պատասխանատուն մայրն է, եթե բարոյակիրթ է զավակը, փառք և պարծանք նրա մորը, իսկ եթե չարակիրթ է, սուգ և տրտմություն մորը:

Այսպես էլ ճիշտ. եթե մեկ մարդ ամուսնանալուց հետո ազնվանում է, փառք ու պարծանք նրա կնոջը, իսկ եթե անազնվանում, անբարոյականանում, ամոթ և նախատինք նրա կնոջը:

Թո՛ղ ամեն կին փորձի մայրական սեր և հոգս տածել դեպի ամուսինը և կտեսնի իր արարքի հրաշալի ներգործությունը:

Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և՛ նրա ամուսինը, թշվառ կլինի և՛ ամբողջ գերդաստանը: Կինը պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու:

Կնիկ կամ կին` կյանք ասել է: Գոնե հայոց լեզվում այսպես է: Ադամը, Եվային տեսնելով, ասում է. «Մայր»:
Մաշտոցի լեզվով. «Սա եղեցի ինձ ի կեանս», որ կնշանակի՝ սա ինձ համար կլինի կյանք:

Եթե այս այսպես է միայն հայոց լեզվի մեջ, ուրեմն փառք ու պատիվ մեր պապերին, որ կնոջը ԿԵԱՆՔ (Կյանք) են համարել, որ և հարմար է գալիս կնոջ բնական կոչմանը:

Հարազատ մոր հատկությունը միայն այն սիրային փայփայանքը չէ, որ տածում է ամբողջ գերդաստանի վրա, այլև նրա տանտիկինությունը, ժրությունը, տնտեսվարությունը, խնայողությունը և, որ մեծն է ամենից, աշխատասիրությունը:

Ինչ ծնող, որ պարապությունն ավելի է սիրում , քան աշխատելը, այնպիսին թո՛ղ չհուսա, որ լավ զավակ կունենա կամ լավ ամուսին: Դատարկաշրջիկ և խաղամոլ կինը մի ցեց է թե՛ իր տան, և թե՛ հասարակության համար:

Թո՛ղ ունենա միլիոն կարողություն, եթե նա պարապություն է սիրում, փախչում է ձեռքի ու մտքի աշխատանքից և դատարկաբանության ու պճնասիրության է մատնում իրան, այնպիսին երբեք երջանկություն ճաշակել չի կարող:

Սիրալիր մայր լինելը կնոջ բնական կոչումն է: Սիրալիր մայր չեղողը սիրալիր ամուսին լինել ևս չի կարող:

Ղազարոս Աղայան — «Կնոջ կոչումը»