Գլխավոր Լուրեր Մետրերով և կիլոմետրերով առաջ ենք գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Արենի գյուղի բնակիչներին

Մետրերով և կիլոմետրերով առաջ ենք գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Արենի գյուղի բնակիչներին

3226
0

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այց կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենի գյուղում է:

«Ես այսօր ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան և չեն կարող լինել արտոնյալներ: Հայաստանում մաֆիոզ կառավարման ժամանակներն ավարտվել են. մաֆիոզ շուստռիությունների ժամանակներն ավարտվել են, և յուրաքանչյուրը հըավասար է օրենքի առաջ, և ամեն օրինախախտը պատասխանատվություն է կրելու: Եվ օրինականությունը լինելու է այն սյունը, որի վրա հիմնված է լինելու պետությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բարկ արևի տակ իր հետ հանդիպման եկած Արենի գյուղի բնակիչներին:

Նա նկատեց. «Մետրերով ու կիլոմետրերով առաջ ենք գնալու, քանի որ ես գիտեմ, որ այդ ամենի համար ես ունեմ ձեր վստահությունը»: Այս հայտարարությունն ընդունվեց առավել ջերմ ծափահարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նկատեց, որ ժողովրդից թալանվածից մոտ 10 միլիարդի չափով վերադարձնելու են համայնքներին:

Նա ներկայացրեց, թե փոփոխությունների շունչն ինչպես է անդրադառնալու՝ ասելով, որ եթե երրորդ փուլում մարդիկ պետք  է համայնքներում զգան փոփոխությունները, երկրորդ փուլում դա արդեն պետք է տեսնեն  իրենց բակերում, իսկ դրան էլ հաջորդող փուլում «որպես բարեկեցություն և անվտանգության զգացում զգան արդեն իրենց ընտանիքներում»:

Ամենակարևորը, ըստ նրա, որ բոլորը վստահ լինեն երկրի ապագայի հարցում:

Հիշեցնենք, որ վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն:

Նաև հանդիպումներ են եղել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ: