Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:
Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը:
«Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:
«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: