Գլխավոր Լուրեր Համանախագահներն ընդգծել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը

Համանախագահներն ընդգծել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը

1705
0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում են կազմակերպել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Այդ մասին ասված է հանդիպման արդյունքներով հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Սա այս ձևաչափով կողմերի միջև առաջին բարձր մակարդակով հանդիպումն էր Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից ի վեր, նշվում է հայտարարությունում:

Նախարարները փոխանակվել են ԼՂ խնդրի շուրջ տեսակետներով և քննարկել հետագա քայլերն ու բովանդակալից բանակցությունները վերսկսելու պարամետրերը: Կողմերը քննարկել են ապագա հանդիպումների համար մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հետ կապված քայլեր:

Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը: Նրանք նաև վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին օգնելու իրենց հանձնառությունը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համաձայն:

Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում համանախագահների հովանու ներքո: