Գլխավոր Լուրեր Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝...

Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ում

1958
0

Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանը, չնայած համարում եմ, որ այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձևաչափի հետ, քանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: ՆԱՏՕ-ն մշտապես և հետևողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն չունի:

Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել և շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում:
Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»: