Գլխավոր Դեսից-դենից Շոգին դիմակայելու և ամառը վայելելու ուղեցույց

Շոգին դիմակայելու և ամառը վայելելու ուղեցույց

117
0

Ամառը բոլորի կողմից սիրված ու սպասված եղանակ է՝ իր արևոտ օրերով, հանգստի և զվարճանքի անվերջ հնարավորություններով։ Սակայն, երբեմն ամառվա անբաժանելի մասը դարձող տապը կարող է լուրջ փորձություն լինել մեր առողջության համար՝ առաջացնելով տհաճ զգացողություններ և անգամ առողջական լուրջ խնդիրներ։ Այս գրառման մեջ կպատմենք, թե ինչպես պաշտպանվել շոգի վնասակար ազդեցությունից և լիարժեք վայելել ամառը։

Ինչպես է շոգն ազդում մեր օրգանիզմի վրա

Երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, մեր օրգանիզմը սկսում է լարված աշխատել՝ մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար։ Սա ծանրաբեռնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերը։ Շոգի հետևանքով արյունը մոտենում է մաշկին, ինչի պատճառով արագանում է անոթազարկը, կարող է փոփոխվել զարկերակային ճնշումը և հաճախանալ շնչառությունը։

Շոգը նաև վատ է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլացնելով ռեֆլեքսները և իջեցնելով աշխատունակությունը։ Ամենավտանգավոր հետևանքներից մեկը ջերմային հարվածն է, որը կարող է առաջանալ օրգանիզմի չափազանց տաքանալու արդյունքում։

Ովքեր են ավելի զգայուն շոգի նկատմամբ

Որոշ մարդիկ շոգն ավելի վատ են տանում։ Ռիսկի խմբում են հատկապես երեխաները, քանի որ նրանց օրգանիզմի ջերմակարգավորման համակարգը դեռ լիովին ձևավորված չէ։ Խոցելի են նաև տարեցները, հղիները և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, մասնավորապես նրանք, ովքեր ունեն սրտի, շաքարային դիաբետի կամ շնչառական խնդիրներ։

Ինչպես պաշտպանվել շոգից. գործնական խորհուրդներ

Ճիշտ սնունդ և բավարար հեղուկ

Խմեք շատ հեղուկներ՝ օրական մոտ երեք լիտր։ Ծարավը հագեցնելու լավագույն միջոցը մաքուր ջուրն է։ Օգտակար են նաև թանը, առանց շաքարի բնական հյութերը և ոչ թունդ կանաչ թեյը։ Խուսափեք կոֆեինից, ալկոհոլից և քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ դրանք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը։ Նախապատվությունը տվեք թեթև սննդին։ Հրաժարվեք յուղոտ և կծու կերակուրներից։ Կերեք շատ մրգեր ու բանջարեղեն։

Ճիշտ հագուստ և վարքագիծ

Հագեք բաց գույնի, ազատ, բնական կտորներից, օրինակ՝ բամբակյա, հագուստ, որը թույլ կտա մաշկին շնչել։ Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես կեսօրից մինչև երեկոյան ժամը հինգը ընկած ժամանակահատվածում։ Դուրս գալիս կրեք գլխարկ, արևային ակնոց և օգտվեք հովանոցից։ Օրվա ամենաշոգ ժամերին փորձեք մնալ զով, օդափոխվող սենյակներում։ Եթե հնարավոր է, միացրեք օդորակիչը։ Երբեք երեխաներին և ընտանի կենդանիներին միայնակ մի թողեք փակ պատուհաններով մեքենայի մեջ։

Ինչպես զովանալ

Պարբերաբար զով ցնցուղ կամ լոգանք ընդունեք։ Ճակատին և ծոծրակին դրեք սառը թրջոցներ, ինչը կօգնի զգալիորեն թեթևացնել վիճակը։

Ջերմային հարված. ախտանշաններ և առաջին օգնություն

Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, որը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն։

Ախտանշաններն են՝

Մարմնի շատ բարձր ջերմաստիճան

Ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում

Մաշկի կարմրություն, չորություն և տաքություն

Արագ և թույլ զարկերակ

Շնչառության դժվարացում, հևոց

Գիտակցության կորուստ կամ ցնցումներ

Առաջին օգնություն

Ամենաառաջին քայլը շտապօգնություն կանչելն է։ Մինչ բժիշկների ժամանումը, տուժածին տեղափոխեք հով, ստվերոտ վայր։ Հանեք նրա կիպ հագուստը։ Պառկեցրեք՝ ոտքերը մի փոքր բարձր դիրքում։ Փորձեք զովացնել նրա մարմինը. ճակատին դրեք սառը թրջոցներ, մարմինը շփեք սառը ջրով։ Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան խմելու զով ջուր։

Հիշեք, որ այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին հետևելը կօգնի ձեզ խուսափել շոգի հետ կապված վտանգներից և լիարժեք վայելել ամառային հանգիստը։ Եղե՛ք առողջ և ուշադիր ձեր ու ձեր մտերիմների նկատմամբ։