Գլխավոր Դեսից-դենից Հոգևոր ճանապարհը. պայքա՞ր, թե՞ ներդաշնակություն

Հոգևոր ճանապարհը. պայքա՞ր, թե՞ ներդաշնակություն

79
0

Հոգևոր փնտրտուքների ճանապարհին հաճախ կարելի է հանդիպել երկու, առաջին հայացքից, հակասական գաղափարների։ Մի կողմից, հոգևոր ուղին ներկայացվում է որպես անդադար պայքար՝ զարգացման, էվոլյուցիայի և կյանքի համար։ Մյուս կողմից, այն նկարագրվում է որպես ազատագրում փոփոխություններից, մի վիճակ, որտեղ շարժումը դադարում է, և մարդը հասնում է բացարձակ հանգստի։

Այս երկու հայեցակարգերն էլ առանձին-առանձին հասկանալի են, սակայն դրանցից միայն մեկին հետևելը կարող է հանգեցնել յոգայի ճանապարհի աղավաղված ընկալմանը։ Ինչպե՞ս են այս երկու բևեռները գոյակցում միասին։ Այս հարցին պատասխանում է Դադա Սադանանդան։

Դադա Սադանանդայի պատասխանը

Իրականում, շարժումը պարզապես ավելի նուրբ է դառնում։ Իր առավելագույն դրսևորման մեջ շարժումը հենց կանգառն է։

Եկեք մի պարզ օրինակ դիտարկենք։ Խավարասերները շատ արագ են շարժվում, բայց ոչ մի էական բան չեն անում, նրանց արդյունավետությունը ցածր է։ Մարդը խավարասերի պես չէ, նա այդքան արագ չի շարժվում։ Մի՞թե կարելի է ասել, որ մարդն անբան է, իսկ խավարասերները՝ աշխատասեր։ Ո՛չ, մարդն անբան չէ, նա շարժվում է ինտելեկտուալ մակարդակում։

Կան մարդիկ, ովքեր ակտիվ են ֆիզիկական մակարդակում, ավելի քիչ՝ ինտելեկտուալ, սակայն նրանք շարժվում են հոգևոր մակարդակում։ Այս մակարդակում շարժումն աննկատ է, շատ նուրբ, բայց ընդունակ է մայրցամաքներ տեղաշարժելու։ Այդ պատճառով շարժման դադարեցումը չի նշանակում անշարժություն, այն, ընդհակառակը, անշարժության և կոպտության հաղթահարումն է։

Վերցնենք քարը։ Չի կարելի ասել, որ այն չի շարժվում։ Ընդհակառակը, դրա ներսում տեղի են ունենում շատ կարճ ալիքի երկարությամբ և շատ կոպիտ տատանումներ։ Իսկ Բարձրագույն գիտակցությունն ունի նուրբ տատանումներ, սակայն էներգիայի անհամեմատ ավելի մեծ ներուժ։

Ավելի քիչ ունայնություն, բայց ավելի շատ էներգիա, ավելի շատ արդյունք։ Դու պայքարում ես, որպեսզի հաղթահարես ունայնությունը, կոպտությունը, կապանքները և մեծացնես էներգիայի ու գիտակցվածության քանակը։ Ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում։


Այս խորհրդածությունները Դադա Սադանանդայի հետ հարուստ զրույցների մի մասն են, որոնք ոգեշնչման կաթիլ են հանդիսանում բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են ինքնաճանաչման ճանապարհին։ Հուսով ենք՝ այս մտքերը օգտակար կլինեն ձեզ համար, երբ խորհելու և ներշնչանքի կարիք ունեք։