Գլխավոր Դեսից-դենից Գույների ուժ․ ստեղծեք ձեր ներդաշնակության օազիսը

Գույների ուժ․ ստեղծեք ձեր ներդաշնակության օազիսը

117
0

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես է գույների աշխարհն ազդում ձեր տրամադրության և զգացողությունների վրա: Գույները կարող են ոչ միայն փոխել միջավայրի ընդհանուր մթնոլորտը, այլև դառնալ հանգստության և ներդաշնակության հասնելու հզոր գործիք: Գունաթերապիան կամ քրոմոթերապիան հնագույն մեթոդ է, որն օգտագործում է գույների ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա:

Գիտությունը վաղուց ապացուցել է, որ գունային ֆոնն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Որոշ գույներ գործում են հանգստացնող կերպով՝ հավասարակշռելով տրամադրությունը, մինչդեռ մյուսները կարող են խթանել և էներգիայով լիցքավորել: Եկեք բացահայտենք այն գույները, որոնք կօգնեն ձեզ ստեղծել խաղաղության և հանգստության ձեր սեփական անկյունը:

Բնության ներդաշնակությունը. կանաչ

Կանաչը բնության, կյանքի և թարմության խորհրդանիշն է: Այն ասոցացվում է խոտի, ծառերի և փարթամ բնության հետ՝ բերելով հանգստության, առողջության և հույսի զգացում: Հոգեբանության մեջ կանաչը համարվում է ամենահանգստացնող գույներից մեկը, որը նպաստում է ներքին խաղաղությանը: Այն ունի ապաքինող հատկություն և կարող է դանդաղեցնել նյութափոխանակությունը: Մի հետաքրքիր օրինակ. Լոնդոնի սև գույնով ներկված կամուրջը, որտեղ հաճախակի էին ինքնասպանության դեպքերը, կանաչով ներկելուց հետո այդ դեպքերի թիվը զգալիորեն նվազել է:

Ինտերիերում կիրառումը. Կանաչի բաց երանգները կարող են օգտագործվել ննջասենյակում կամ աշխատասենյակում՝ ստեղծելով հանգիստ և ստեղծագործական միջավայր: Մուգ կանաչը կարող է կայունություն և ամրություն հաղորդել:

Երկնքի անվերջությունը. կապույտ

Կապույտը և նրա երանգները հաճախ ասոցացվում են երկնքի և ջրի հետ՝ առաջացնելով խաղաղության և անվրդովության զգացում: Այս գույնը մեղմացնում է, առաջ բերում մտքի և զգացմունքների պարզություն: Ֆիզիոլոգիական մակարդակում այն կարող է դանդաղեցնել սրտի զարկերը և շնչառությունը, ինչը նպաստում է ընդհանուր թուլացմանը: Ավիցեննան նույնիսկ խորհուրդ էր տալիս արյունահոսող մարդկանց նայել կապույտին՝ արյունահոսությունը դադարեցնելու համար:

Ինտերիերում կիրառումը. Կապույտի բաց երանգները իդեալական են ննջասենյակների և լոգասենյակների համար, որտեղ մենք ձգտում ենք հանգստանալ: Այն նաև վստահության և անվտանգության զգացում է ներշնչում, այդ պատճառով հաճախ օգտագործվում է գործարար միջավայրում:

Քնքշության գույները. պաստելային երանգներ

Պաստելային գույները, ինչպիսիք են նուրբ վարդագույնը, յասամանագույնը և բաց դեղինը, ստեղծում են թեթևության և հանգստության մթնոլորտ: Դրանք նոսրացնում են խիստ միջավայրը՝ հաղորդելով նրբություն և ջերմություն:

Վարդագույն. Ասոցացվում է ռոմանտիկայի և կանացիության հետ, օգտագործվում է հանգստացնելու և հանդարտեցնելու համար:

Մանուշակագույնի նուրբ երանգներ. Այս գույնը կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ և հաճախ կապվում է ինտուիցիայի և հուզականության հետ:

Չեզոք գույների խաղաղությունը. սպիտակ, բեժ և մոխրագույն

Այս գույները հիանալի հիմք են ստեղծում հանգիստ և ներդաշնակ ինտերիերի համար:

Սպիտակ. Խորհրդանշում է մաքրություն, պարզություն և տարածության զգացում:

Բեժ և մոխրագույն. Այս չեզոք գույները շատ հանգստացնող են և օգնում են փոքր սենյակներին տեսողականորեն ավելի ընդարձակ թվալ:

Ինչպե՞ս ինտեգրել հանգստացնող գույները ձեր կյանքում

Ներկեք պատերը. Փոքր սենյակներն ավելի մեծ կթվան, եթե պատերը ներկեք կապույտ, կանաչ կամ մանուշակագույն բաց երանգներով:

Ավելացրեք շեշտադրումներ. Եթե չեք ցանկանում ամբողջությամբ փոխել սենյակի գույնը, կարող եք ավելացնել բարձեր, վարագույրներ կամ դեկորատիվ իրեր հանգստացնող գույներով:

Ստեղծեք հակադրություն. Ժամանակակից տեսք ստանալու համար կարելի է համադրել տարբեր գույներ, օրինակ՝ մոխրագույնը դեղինի հետ:

Ընտրեք ճիշտ կահույք. Փայտի տաք երանգները հիանալի կերպով զուգորդվում են կապույտի հետ՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ:

Գույները հզոր գործիք են, որոնք կարող են բարելավել մեր ինքնազգացողությունը և ստեղծել հարմարավետ միջավայր: Փորձարկեք տարբեր գունային համադրություններ և գտեք այն երանգները, որոնք ձեզ ամենաշատն են ներդաշնակություն և խաղաղություն պարգևում:

Նոր տեսանյութ.