Մի ջրկիր ուներ երկու մեծ սափոր, որոնք կախված էին նրա ուսերին դրված լծակից։ Սափորներից մեկը կատարյալ էր և միշտ տեղ էր հասցնում ջրի ամբողջ չափաբաժինը։ Իսկ մյուսը ճաք ուներ և երկար ճանապարհին ջուրը կաթում էր. տուն հասնելիս այն միշտ կիսով չափ դատարկ էր լինում։
Երկու տարի շարունակ ջրկիրը տուն էր բերում միայն մեկուկես սափոր ջուր։ Կատարյալ սափորը հպարտանում էր իր աշխատանքով, իսկ խեղճ ճաքած սափորն ամաչում էր իր թերության համար և տխրում, որ չի կարողանում անել այն, ինչ իրենից սպասում են։
Մի օր ճաքած սափորը չդիմացավ և ասաց ջրկրին.
— Ես ամաչում եմ ինձնից և ուզում եմ ներողություն խնդրել։ Իմ ճաքի պատճառով դու այդքան չարչարվում ես, բայց տուն ես հասցնում ջրի միայն կեսը։
Ջրկիրը ժպտաց և ասաց.
— Երբ մենք հետ դառնանք տուն, ուշադիր նայիր ճանապարհի այն կողմին, որով դու ես անցնում։
Եվ իրոք, երբ նրանք բարձրանում էին բլուրն ի վեր, սափորը նկատեց, որ իր կողմում աճել են հրաշք գեղեցկության վայրի ծաղիկներ, իսկ մյուս կողմում միայն չոր հող է։ Ջրկիրն ասաց.
— Ես միշտ գիտեի քո «թերության» մասին։ Դրա համար էլ ես ճանապարհի քո կողմում ծաղիկների սերմեր ցանեցի։ Ամեն օր, երբ մենք տուն էինք վերադառնում, դու ակամա ջրում էիր դրանք։ Երկու տարի շարունակ ես կարողանում էի այդ գեղեցիկ ծաղիկներից փունջ կապել և զարդարել իմ տունը։ Եթե դու չլինեիր այնպիսին, ինչպիսին կաս, այս գեղեցկությունը չէր լինի։
Խորհուրդ
Այն, ինչը մենք համարում ենք մեր «թերությունը», իրականում կարող է լինել մեր ամենամեծ առավելությունը կամ «այցեքարտը»։









