Գլխավոր Քաղաքական Ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել այս երեխաների ապագայի նկատմամբ, նրանց ոչ միայն...

Ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել այս երեխաների ապագայի նկատմամբ, նրանց ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

1087
0

Այսօր Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, երբ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և այս թաղամասից էր սկսել քարոզարշավը:

«Այս թաղամասում տարօրինակ և խորհրդանշական բան տեղի ունեցավ, անցնում էինք կրպակների արանքով, և չգիտեմ՝ այդ օրը մարդիկ ինչ էին լսել, իմացել, անընդհատ հաց էին հյուրասիրում: Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն պատառը կուլ տալուց ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով։

Ես հիմա այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, որ այդ հացը հարամ չի արված, և դու հաղթել ես, ի՛մ ժողովուրդ: Այդ ուխտը սրանով չի ավարտվել, նոր փուլ է մտնում և գոյություն է ունենալու հավիտյան, քանի որ ՀՀ-ում գոյություն է ունենալու ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն, և սա այլընտրանք չունի. այդ ուխտն այսօր նորոգվում է և նոր թափ  ստանում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հանրահավաքին երեխաներ կան և նշեց, որ չի կարող որևէ մեկը կասկածի տակ դնել այդ երեխաների ապագան: «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև նրանց պատերով կտանք»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ՀՀ ողջ տարածքում՝ երկրի ամեն անկյունում, հացով, արցունքով, ժպիտով, համերաշխությամբ ուխտ ենք կնքել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ: «Ձեր հացի սրբությունը պահված է և պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է»,-ասաց նա:

tert.am