Գլխավոր Քաղաքական Ձայների հաշվարկն ավարտվել է․ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին

Ձայների հաշվարկն ավարտվել է․ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին

4168
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը (հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները)։

Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Մյուս մասնակիցները ցուցաբերել են վիճակագրական սխալին համարժեք արդյունք։ Եվ չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։

Նշենք, որ մասնակցությունն ընտրություններին բավականին ցածր է եղել՝ 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Նախորդ տարի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել էր 40,99 տոկոս (345226 ընտրող)։

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երեւանի քաղաքապետ՝ համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի, քանի որ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, որի դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

Այսպես, ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։